Բաժիններ՝

Կարո Հզոր. «Իմ նպատակը յուրաքանչյուր կնոջ աստղը փայլեցնելն է» (լուսանկարներ)

Շակիրայի, Ֆերջիի, Հոլի Հանթերի և այլ հանրահայտ աստղերի համար հագուստներ մոդելավորած հայազգի հայտնի դիզայներ Կարո Հզորը ծնվել է Սիրիայում, մեծացել Լիբանանում, իսկ դիզայներական գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում: Նրա ծնողները մինչև հիմա էլ Սիրիայում են բնակվում:

«Ես նորմալ մանկություն եմ ունեցել: Հիշում եմ իմ պատրաստած առաջին հագուստը: Այն իմ առաջին սերն է: Երեկոյան զգեստ էր: Այդ ժամանակ ես հագուստ մոդելավորելու համար շատ նյութեր չունեի, բայց շատ գեղեցիկ զգեստ ստացվեց»,- 168.am-ի հետ զրույցում անկեղծանում է Կարո Հզորը:

Հայազգի հանրահայտ դիզայները մասնագիտացել է հարսանեկան, երեկոյան և կոկտեյլային զգեստների ստեղծման մեջ: Մյուս դիզայներներից, իր իսկ խոսքով, նա տարբերվում է իր անհատականությամբ և կնոջ գեղեցկությունն ընդգծելու կարողությամբ. «Իմ նպատակը յուրաքանչյուր կնոջ աստղը փայլեցնելն է»:

–  Կարո, ովքե՞ր են եղել Ձեր առաջին հաճախորդները:

Կարդացեք նաև

– Ես շատ հաճախորդներ եմ ունեցել՝ սկսած հասարակ մարդկանցից, մինչև հանրահայտ դեմքեր: Նշանակություն չունի, թե ում համար եմ հագուստ ստեղծում, ես յուրաքանչյուրին մոտենում եմ՝ որպես իմ ստեղծագործության կենտրոն, և պետք է ուշադրություն դարձնեմ, թե ինչպիսի զգեստ տվյալ կնոջն ավելի կսազի:

– Դուք համագործակցում եք համաշխարհային մեծության աստղերի հետ: Կնշե՞ք մի քանի անուններ:

– Ես աշխատել եմ այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Շակիրան, Ֆերջին, Հոլի Հանթերը և շատ ուրիշ աստղեր: Կան մի քանի հայտնիներ, որոնց հետ այս պահին աշխատում եմ և նրանց համար պատրաստում եմ զգեստներ` ապագայում տեղի ունենալիք միջոցառումներին կրելու համար: Շուտով դուք դրանք կտեսնեք: Ես նաև «Miss Lebanon USA 2013»-ի դիզայներն եմ:

– Ինչպե՞ս են հայտնի աստղերն իմանում Ձեր մասին:

– Մարդիկ իմ աշխատանքները խորհուրդ են տալիս մյուսներին, երբ հանրության մեջ տեսնում են իմ մոդելավորած զգեստները: Ես շատ շնորհակալ եմ իմ հավատարիմ հետևողներին: Այս ամիս մենք հիանալի աստղ ունենք՝ Աննա Վիկտորյան, ով մեր նորաձևության տան մոդելներից է: Մենք շատ ոգևորված ենք այս կապակցությամբ:

– Ինչպիսի՞ մարդկանց հետ երբևէ չեք աշխատի:

– Ես սիրով բոլորի հետ կաշխատեմ: Երբեմն հաճախորդները շատ շփոթված են լինում, չեն իմանում՝ ի՞նչ են ցանկանում կամ սիրում, կամ էլ վստահ չեն լինում: Ես շատ ճկուն եմ, հարմարվող, բայց իմ անունը չեմ ամրացնի ստեղծածս այնպիսի հագուստի վրա, որը չի համապատասխանի իմ բարձր ստանդարտներին: Հուսով եմ՝ կարողացա ճիշտ արտահայտվել:

– Ձեր ստեղծած զգեստներից ո՞րն է ամենասիրելին:

– Կարծում եմ՝ արդար հարց չէ: Ես սիրում եմ իմ բոլոր ստեղծագործությունները: Ես երկար ժամանակ և էներգիա եմ ներդնում իմ ստեղծագործությունների վրա, այդ պատճառով էլ՝ իմ բոլոր աշխատանքները սիրում եմ: Նրանք նման են իմ երեխաներին:

– Ի՞նչ է Ձեզ համար նորաձևությունը: Հետևո՞ւմ եք նորաձևության տենդենցներին:

– Նորաձևությունն ինձ համար արվեստ է, որտեղ կարող եմ արտահայտել իմ ստեղծագործական միտքը: Դա իմ միջոցն է՝ արտահայտելու իմ ներքին գեղեցկությունը, որպեսզի  աշխարհը դրանից հաճույք ստանա: Սա միայն նվիրում է: Բնականաբար, ես հետևում եմ մյուս դիզայներներին, բայց ունեմ իմ սեփական կարծիքը, թե ի՞նչ է գեղարվեստական ստեղծագործությունը: Ես իմ աշխատանքն անվանում եմ ստեղծագործություն, որովհետև ես ստեղծում եմ գեղեցիկ արվեստ, որից մարդիկ հաճույք են ստանում:

– Ինչպիսի՞ առարկաներով եք շրջապատված:

– Գեղեցիկ, հանգիստ և ուրախ: Կյանքն օրհնություն է, մենք բոլորս ամեն վայրկյանից հաճույք ստանալու կարիք ունենք:

– Կարո՞ղ եք թվարկել մի քանի հմտություններ կամ բնավորության գծեր, որոնք յուրաքանչյուր դիզայներ պետք է ունենա:

– Դիզայներությունը տաղանդ է՝ դու կա՛մ այն ունես, կա՛մ՝ ոչ: Եթե դու տաղանդով ես օժտված, ապա մնացածը հեշտ է:

– Ձեր պատրաստած զգետները թա՞նկ են, թե՞ մատչելի են բոլորին:

– Դրանք այնքան էլ թանկ չեն, բայց պահանջում են շատ ժամեր և թանկարժեք նյութեր: Այսպիսի հագուստները նախատեսված են հատուկ իրադարձությունների համար: Ես դրանք շատ թանկ չէի համարի: Դու ստանում ես այն, ինչի համար վճարում ես: Օրինակ՝ դուք ցանկանում եք «Տոյոտա» կամ «Ֆերրարի» մակնիշի մեքենա ունենալ: Երկուսն էլ լավն են, բայց տեսքն ու զգացողություններն ամբողջովին տարբեր են: Այո, մեր պատրաստած զգեստները բոլորին հասանելի են: Մեզ համար հաճելի է որևէ կնոջ՝ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրը, արքայադստեր վերածելը:

– Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար գումարը: Կարևորություն տալի՞ս եք դրան:

– Սա շատ լավ հարց է: Բոլորը մեծանալու և ստեղծագործելու համար գումարի կարիք ունեն: Նորաձևության մեծ ցուցադրություններ կազմակերպելու համար ևս գումարի կարիք ունես, բայց այն կյանքի կենտրոնը չէ: Զգեստ ստեղծելու գործընթացն իմ տեսակետն է այս ամենի նկատմամբ:

– Հայ հայտնի մոդելների, երգչուհիների, դերասանուհիների հետ չե՞ք ցանկանում համագործակցել:

– Ինձ համար իմ ազգի աստղերի համար զգեստներ ստեղծելը մեծ պատիվ կլինի:

– Հայաստան ե՞րբ կգաք:

– Ես շատ կցանկանայի իմ հայրենիք գալ և ունենալ նորաձևության ցուցադրություն, որը կներշնչեր մյուսներին ներգրավել նորաձևության աշխարհ: Եթե մենք կարողանայինք բարեգործություն անել, ապա այն ինձ համար մեծ ձեռքբերում կլիներ: Խնդրում եմ՝ կենտրոնացեք 2014 թվականին նորաձևության ցուցադրություն ունենալու վրա: Ես սպասում եմ այդ օրվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս