Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4.2%, որը շուրջ 2.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Արդյունքում հունվար-հոկտեմբերի աճը ևս դանդաղել է նախորդ ամսվա կուտակային ցուցանիշի համեմատ։ Հաշվի առնելով նախորդ տարվա վերջի բարձր բազան՝ ՏԱՑ-ը կշարունակի դանդաղել նաև ընթացիկ տարվա հաջորդ՝ վերջին երկու ամիսներին։
  • Արդյունաբերության և արտահանման աճերը հիմնված են ՀՀ տնտեսության հետ քիչ կապ ունեցող գործոնների վրա: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական գործունեությունն է, որը, ըստ էության, վերաարտահանում է։ Առանց այդ գործունեության նպաստման, ընդհանուր արդյունաբերությունն անկում է ապրել 0.4%-ով, իսկ արտահանումը` 8.4%-ով։ Սա ՀՀ տնտեսության արդյունաբերական և արտահանելի հատվածի իրական միտումն է, ինչը բնականաբար մտահոգիչ է, և այս ուղղությամբ տնտեսական քաղաքականության ակտիվ քայլերի անհրաժեշտությունն առավել է մեծանում։
  • Գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում, իսկ միջին գնաճը զրոյական է՝ չնայած ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական մեղմացմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 2.0 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, սակայն գնաճը միջինում մնացել է 0%-ի միջակայքում։ Թեև գնաճի ցածր ցուցանիշը պայմանավորվում է նաև ներմուծված գների ցածր աճով, այնուամենայնիվ, այն արտացոլում է նաև ներքին տնտեսությունում ցածր պահանջարկը։
  • Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է։ Տնտեսական ակտիվության տեմպը աստիճանաբար դանդաղում է, ինչը նշանակում է, որ 2024թ. փաստացի իրական ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր, քան բյուջեի հիմքում դրված 7.0%-ը (կառավարությունը նույնպես վերանայել է աճի կանխատեսումը դեպի ներքև)։ Սակայն բյուջեի եկամուտների և ծախսերի ներկա աճերի պահպանման պարագայում պակասուրդը կհասնի պլանավորված մակարդակին՝ ՀՆԱ-ի նկատմամբ լինելով ավելի բարձր, քան նախատեսվում էր։ Արդյունքում կառավարության պարտքի մակարդակը ևս կգերազանցի պլանավորված ցուցանիշը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս