Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի:

Ինչպես տեղեկանում ենք իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։

Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից, և որին աջակցում է ԱՄՆ-ն։Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով ԱԷՄԳ-ի կողմից ընդունված բանաձևը և նշելով, որ դրան ի պատասխան՝ նոր ցենտրիֆուգներ կգործարկվեն։ 

ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով քննադատում է Իրանին միջուկային խնդրի շուրջ համագործակցության բացակայության համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստը հավանության է արժանացել 35 երկրից 19-ի կողմից։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել։

Բանաձևն ԱԷՄԳ-ից պահանջում է մինչև 2025 թ. գարուն «համապարփակ» զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։ ԱԷՄԳ-ն Իրանին կոչ է արել «տեխնիկապես արժանահավատ բացատրություններ» տրամադրել Թեհրանի մերձակայքում գտնվող Վարամին և Թուրկուզաբադ օբյեկտներում վերամշակված ուրանի մասնիկների առկայության մասին:

Բացի այդ, բանաձևում Իրանին կոչ է արվում ՄԱԿ-ի դիտորդական մարմնին տեղեկացնել այս միջուկային նյութի գտնվելու վայրի մասին և ԱԷՄԳ-ի տեսուչներին իրանական միջուկային բոլոր օբյեկտներ մուտքի հնարավորություն տրամադրել:

Տեսանյութեր

Լրահոս