Պետդումայում օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանում «Թալիբան»-ի արգելքը վերացնելու վերաբերյալ
Մի խումբ սենատորներ և պատգամավորներ ՌԴ պետդումա են ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանում արգելված կազմակերպությունների ցուցակից ժամանակավորապես բացառել մի քանի կազմակերպություններ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Օրինագծով նախատեսվում է, որ «կազմակերպությունների միասնական դաշնային ցուցակում ընդգրկված կազմակերպության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ ահաբեկչական ճանաչված օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների գործունեության արգելքը կարող է ժամանակավորապես կասեցվել ՌԴ դատարանի որոշմամբ՝ ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի դիմումի հիման վրա այն փաստական տվյալների առկայության դեպքում, որ նման կազմակերպությունը նշված ցուցակում ընդգրկվելուց հետո դադարեցրել է ահաբեկչության խթանմանը, արդարացմանը և աջակցությանն ուղղված գործունեությունը»։
Նոյեմբերի 25-ին աֆղանական «Alemara» հարթակը հաղորդել է Աֆղանստանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդի բանակցությունների մասին։ Շոյգուն «հայտնել է Աֆղանստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու Ռուսաստանի մտադրության մասին՝ մատնանշելով Ռուսաստանի «սև ցուցակից» Իսլամական Էմիրությանը բացառելու պլանները՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման համար»:
Ախունդը, որը ղեկավարում է Ռուսաստանում արգելված «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունում տնտեսական հարցերը, մասնավորապես, հայտնել է, որ Աֆղանստանի իշխանությունները պատրաստակամ են «առանցքային դեր խաղալու «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքի, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդման գործում»։
Ներկայում Ռուսաստանի օրենսդրությունը չի նախատեսում արգելված կազմակերպության գործունեության արգելքը կասեցնելու մեխանիզմ։ Ներկայացված օրինագիծը պետք է վերացնի իրավական այս բացը։