Թրամփը մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով։ Այս մասին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփը խոստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել հունվարի 20-ին՝ երդմնակալությունից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ներմուծումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև անօրինական միգրանտների հոսքը։
«Ե՛վ Մեքսիկան, և՛ Կանադան ունեն բացարձակ իրավունք և իրավասություն՝ հեշտությամբ լուծելու այս բազմամյա խնդիրը: Մենք պահանջում ենք, որ նրանք օգտագործեն այդ իշխանությունը, իսկ քանի դեռ դա չեն արել, նրանք պետք է շատ ծանր գին վճարեն», – գրել է Թրամփը։ԱՄՆ ընտրված նախագահը նաև հայտնել է, որ բազմիցս չինական կողմի հետ քննարկել է թմրանյութերի խնդիրը, սակայն դա ոչ մի արդյունքի չի հանգեցրել։
«Չինաստանի ներկայացուցիչներն ինձ ասել են, որ կսահմանեն առավելագույն պատիժ՝ մահապատիժ, թմրանյութերի վաճառքով զբաղվող ցանկացած անձի նկատմամբ, որոնք կբռնվեն դա անելիս, բայց, ցավոք, նրանք այդպես էլ չկատարեցին իրենց խոստումը, և թմրանյութերը նախկինում չտեսնված մակարդակով լցվում են մեր երկիր, հիմնականում Մեքսիկայով», – հավելել է Թրամփը։Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրքը կավելանա արդեն իսկ գործող «այլ լրացուցիչ մաքսատուրքերին»։
Reuters գործակալությունը նշում է, որ Թրամփի այս որոշումը կարող է առևտրային պատերազմների հանգեցնել, նաև խախտել ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագիրը։