«Փշալարը բնակավայրի հատվածում՝ դաշտավայրային հատվածում չկա. Ըստ խոսակցությունների՝ Հայկ Ղալումյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահ». Կարեն Ղազարյան
Կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանն իր զարմանքն է արտահայտել առ այն, թե «շատ զարմանալի է», որ Կիրանցի հատվածից անասուններն անցնում են սահմանը։
«Ճիշտն ասած՝ ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ էլ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ ասել է, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորումը, մինչև փշալար անցկացնելը, մի քանի նման դեպք եղել է, բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները հետ են վերադարձվել։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն էլ տեղեկացրել է, որ կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
«Անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերը տեղադրելու պահը, դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- նշել է ԱԱԾ տնօրենը։
Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ մեկ անգամ չէ, որ անասուններն անցնում են թշնամու հսկողության տակ հայտնված հայկական տարածք, դա պարբերական բնույթ է կրում։
«Փշալարը քաշված է ընդամենը գյուղի բնակավայրի հատվածում, իսկ դաշտավայրային հատվածում փշալար չկա։ Անասունները հավանաբար այդ հատվածով են անցել մինչև այդ պատի կառուցումը, փոքր հատված կար, անասուններն անընդհատ անցնում էին։ Փոքր հատված էին թողել, հավանաբար մարդկանց ելումուտի համար, հետո այդ հատվածը փշալարով փակեցին։
Կարծում եմ՝ այլևս կարիք չկա ասելու, որ գյուղի դպրոցն այդ կառուցված պատից ընդամենը 20 մետր հեռավորության վրա է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ անասուններին վերադարձրել են, բայց անասնատերերն այժմ խիստ վերահսկողության տակ են պահում անասուններին, որպեսզի գծված սահմանը չանցնեն ու խնդիրների մեջ չհայտնվեն։
«Տարածքում սահմանապահներ չկան, կարող է և՛ անասուններն անցնեն, և՛ թշնամին անցնի մեր կողմ, կարող է նաև մարդը մոլորվի ու անցնի այդ տարածքները։ Մարդիկ 30 տարի այդ տարածքներում հանգիստ են եղել, բայց մեկ օրվա մեջ, պատահական եկավ ու նստեց թշնամին։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի զարմանքն է զարմանալի, թե ինչպե՞ս է հնարավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր և մտերիմ ՆԳ արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը հեռացվեց պաշտոնից, հնարավո՞ր է՝ հերթը հասնի նաև Փաշինյանի մեկ այլ մտերիմ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, Կարեն Ղազարյանը պատասխանեց, որ խոսակցությունր կան, որ նա մարզպետի պաշտոնից ազատվելու է և նշանակվի մեկ այլ պաշտոնի։
«Դեռ երկու տարի առաջ կային խոսակցություններ, որ պատրաստվում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակեն Հայկ Ղալումյանին։ Եթե այս ընթացքում նա թողեց մարզպետի աթոռը, ուրեմն Ռուստամ Բադասյանի աթոռը զբաղեցնելու համար է։ Ինչ վերաբերում է Տավուշի նոր մարզպետին, ապա չեմ կարծում, թե Ղալումյանը հետ գա այդ պաշտոնին, հավանաբար մի նախարարի պաշտոն էլ նրան կտան»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը։