Ովքեր անվճար կամ զեղչված սակագնով կօգտվեն հանրային տրանսպորտից. Երևանի ավագանին ընդունեց արտոնությունների փաթեթը
Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի արտոնություններ տրամադրելու նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 34, դեմ՝ 23 անդամ: Փաթեթով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։
Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։ Բազմազավակ ընտանիքների ծնողների, այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար նույնպես տրանսպորտը կլինի անվճար: Երևանի ավագանու 2024 թվականի մարտի 12-ին ընդունած որոշմամբ սահմանել են հանրային տրանսպորտի տարբեր փաթեթների սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու միասնական տոմսային համակարգի գործարկման պահից։
Մեկամսյա փաթեթի արժեքը՝ մեկ ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 9000 դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 8800 դրամ։
Եռամսյա փաթեթի արժեքը՝ երեք ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 24 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 23 հազար 600 դրամ։
Տարեկան փաթեթի արժեքը՝ 1 տարվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով), 90 հազար դրամ է, իսկ փաթեթն էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 88 հազար դրամ։10 ուղևորություն ներառող տոմսի արժեքը 2200 դրամ է, էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում՝ 2100 դրամ։
Քաղաքացիներին առաջարկվելու է նաև մեկօրյա տոմս, որով հնարավոր կլինի 24 ժամվա ընթացքում իրականացնել 8 ուղևորություն՝ յուրաքանչյուր տրանսպորտում մեկ անգամ օգտագործելու պայմանով։ Այս տոմսի արժեքը սահմանվել է 900 դրամ, իսկ էլեկտրոնային եղանակով այն ձեռք բերելու դեպքում՝ 880 դրամ։
Առաջարկվելու է նաև 7-օրյա տոմս, որով հնարավոր կլինի 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն իրականացնել։ Տոմսի արժեքը 5000 դրամ է, էլեկտրոնային եղանակով այն ձեռք բերելու դեպքում՝ 4800 դրամ։Քաղաքացիները հնարավորություն կունենան նաև գնել տոմսեր, որոնցով հնարավոր կլինի 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն իրականացնել։ Տոմսի արժեքը 300 դրամ է, իսկ էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելու դեպքում՝ 280 դրամ։