Ժիրայր Ավանյան. Կարևորը՝ ծնվեց քաղաքացիական հասարակություն
Դեռևս մեկ ամիս առաջ գործարար Ժիրայր Ավանյանը, ով ավելի քան 20 տարի ապրել է նաև ԱՄՆ-ում, ապագայի նկատմամբ առանձնապես մեծ հույսեր չուներ: Այսօր, սակայն, նա համոզված է, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում:
«Նախագահական ընտրություններից հետո նոր հույս, լույս առաջացավ ժողովրդի ենթագիտակցության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա: Գործարարի համոզմամբ՝ ժողովուրդը միգուցե թերագնահատում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս ընթացքում շարժման միջոցով կատարած աշխատանքը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությանը ձեռք մեկնելու ցանկությունը, բայց այս ամենի արդյունքում՝ Հայաստանում ծնվեց քաղաքացիական հասարակություն: Վերջինս կարծում է, որ հետընտրական շրջանում Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն այնպիսին էին, որ դրանց արդյունքում հաղորդակցություն սկսվեց այս երկուսի՝ ընդդիմության և իշխանության միջև. «Բաղրամյան փողոցի վրա պատահած որոշ տհաճ առանձին դեպքերից բացի, այդ ամենի մեջ նաև կար և՛ հումոր, և՛ համագործակցություն»,- ասել է գործարարը: Հումորի մեջ են տեղավորվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շփումներից որոշ դրվագներ:
Գործարարը շատ դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: «Երբ օպոզիցիայի և պոզիցիայի միջև կա հարաբերություն, ուրեմն կա ապագա»,- համոզված է գործարարը: Նրա համոզմամբ՝ այս ընթացքում մեզանում ծնվեց քաղաքացիական հասարակությունը:
Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ Ժիրայր Ավանյանն ասել է, որ ով էլ դառնա քաղաքապետ, միևնույն է, այսուհետ կատարելու է ժողովրդի պահանջը. նա լինելու է լավ քաղաքապետ, քանի որ ժողովուրդն այդպիսի քաղաքապետ է պահանջում: Նրա կարծիքով՝ նույնիսկ կարևոր չէ, թե ո՞վ կընտրվի Երևանի քաղաքապետ, քանի որ այսօր և՛ հասարակությունը, և՛ մեր իրականությունը կարող է ձևակերպել իր պահանջները. «Պահանջելը լավ բան է, եթե նույնիսկ այդ պահանջը շատ ապուշ է»:
Գործարարը, ով բավական լավ է ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտանիքին, ասել է. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման նպատակն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա ես այդտեղ ապագա չեմ տեսնում: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն այն է, որ Հայաստանը դառնա քաղաքացիական հասարակություն, ապա ես այդտեղ 100 տոկոսանոց հաջողություն եմ տեսնում»:
Հիշեցնենք, որ Ժ. Ավանյանը «Դոլմամա» հայտնի ռեստորանի և որոշ խանութների սեփականատեր է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: