Սի Ծինփինը հայտնել է, որ Պեկինն ավելի ու ավելի շատ հարավկորեական ընկերությունների է հրավիրում Չինաստան
Չինաստանը հրավիրում է ավելի շատ հարավկորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու Չինաստանում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ։
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում:
«Մենք պետք է ամրապնդենք բարձր մակարդակի շփումները, ամրապնդենք փոխըմբռնումն ու վստահությունը, ձգտենք հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր զարգացման»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ Չինաստանը կայուն կերպով և բարձր մակարդակով կբացի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ և կհրավիրի ավելի շատ կորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու և զարգացնելու բիզնեսը Չինաստանում:
«Չինաստանը և Հարավային Կորեան պետք է համատեղ ջանքեր գործադրեն միջազգային ազատ առևտրի համակարգը պաշտպանելու, համաշխարհային և տարածաշրջանային արդյունաբերական և լոգիստիկ շղթաների կայունությունն ու հարթությունը պահպանելու և բարեկամության ամրապնդման համար ավելի շատ գործողություններ իրականացնելու համար», – ասել է Սի Ծինփինը: