ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի. շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Ըստ հիմնավորման՝ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։
Նշվել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար: Պուշկինի 56ա հասցեում ներկայումս գտնվող վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու տեսանկյունից։
Նախատեսվում է նաև ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից այժմ զբաղեցվող՝ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքն ընդգրկել Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական կարիքների համար։