ՀՀ դատախազությունը ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ ունի սերտ համագործակցություն, որը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով Երևանում կայացավ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:  

Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ 2005 թվականի հուլիսի 13-ին ձևավորված խորհրդատվական մարմինը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը, համախմբում է դատախազական գործունեություն իրականացվող անձանց՝ նրանց համար սահմանելով մասնագիտական և վարքագծային ուղենիշային կանոններ, ինչպես նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ մշակում և ընդունում է կարծիքներ։ 

«ՀՀ դատախազությունը՝ որպես Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի անդամ, ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները և կերպարը միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս նպատակի ուղղությամբ մեր հերթական և կարևոր քայլն է։ Վստահ եմ, որ այսօր ներկայացվելիք ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների, և ոչ միայն դատախազների սեղանի գիրքը»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:

 «Առաջարկում եմ խրախուսել այսօրվա քննարկմանը ներգրավված բոլոր կողմերին շարունակաբար բարելավել միջոլորտային համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման։ Նման համագործակցությունը կարևոր է՝ հաշվի առնելով հանցավորության ներկայիս դինամիկան, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներում: Պատահական չէ, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդն ընդունել է մի քանի կարծիք, որոնք վերաբերում են միջոլորտային հարաբերություններին և համագործակցությանը: Հակաօրինական վարքագծի դեմ պայքարը և հանցավորության կանխարգելումը պետք է իրականացվի պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակության բոլոր դերակատարների ներգրավմամբ: Ընդգծեմ, որ կրթական հաստատությունների, հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների դերն այս առումով վճռորոշ է»,- նշեց Վարդապետյանը։

Նրա կարծիքով՝ դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում։ Վարդապետյանն ուրախությամբ ընդգծեց ԵՄ-ի և ԵԽ-ի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող աջակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում, ծրագրի հետ հայկական կողմի կայուն, հետևողական և արդյունավետ համագործակցությունը։

«Նախատեսում ենք աշխատանքներ սկսել այն ուղղությամբ, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի հաջորդ տարածաշրջանային համաժողովն անցկացվի Հայաստանում 2025 թվականի աշնանը: Մենք առաջարկում ենք այս տարածաշրջանային համաժողովի ընթացքում մեկ կամ երկու թեմատիկ նիստ նախատեսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի մասնակցությամբ, որոնք, ի թիվս այլնի, կարող են վերաբերել առաջիկա կարծիքների հետ կապված հարցերին: Դատախազների միջազգային ասոցիացիայի մեր գործընկերները ողջունել են այս գաղափարը և սա բաց առաջարկ է, որը մենք սիրով պատրաստ ենք քննարկել առաջիկայում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։  

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշեց, որ սա տարվա ընթացքում իր երկրորդ այցն է Հայաստան և նշեց, որ մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել դատաիրավական բարեփոխումների ոլորտում։ 

«Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը աջակցում է ՀՀ իշխանություններին 2022-26 թվականների ռազմավարությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Բարեփոխումները դուրս են գալիս կոնկրետ մեկ միջոցառման շրջանակներից և ուղղված են տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Արդեն իսկ առկա են բազմաթիվ ձեռքբերումներ Հայաստանի իրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, թափանցիկ և վստահություն ներշնչող համակարգի ձևավորման ճանապարհին։ ԵԽ-ն Հայաստանին աջակցություն է ցուցաբերել նաև Հռոմի ստատուտի ընդունման գործում»,- նշեց Լոնգանգեն։ Նա ևս մեկ անգամ հաստատեց Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում:  

«Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր  գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»,- նշեց Լոնգանգեն։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը նույնպես կարևորեց իրավական համակարգի էությունն ու նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը։ Նա շեշտեց վերահսկողության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի կարևորությունը ուժային կառույցներում։

«ԵՄ պատվիրակությունը բավականին ակտիվ է գործում Հայաստանում՝ աջակցելով նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշեց Հեսը: 

Նա ընդգծեց Հայաստանին աջակցելու Եվրամիության հանձնառությունը՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։ Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ կատարվեց նաև կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին:

Տեսանյութեր

Լրահոս