Ժ.Սէֆիլյան. Փետրվարի 18-ի շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, հայտնի ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ձևավորված ընդդիմադիր շարժումը, որը գլխավորում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապրիլի 9-ի հայտնի դեպքերից հետո չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում:
«Փետրվարի 18-ի շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում: Ժողովուրդը քաղաքական զարթոնք է ապրում ինչպես իր երկրում, այնպես էլ արտերկրում: Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին: Ուստի, Նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ շարժման լիարժեք բաղադրիչ է: Ավելին, Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը: