Փաշինյանը հող չտվող երբեք չի դառնա. երկիրը տալիս է՝ իշխանությունը պահելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հայկական կողմը տեսնում է հնարավորություն՝ համաձայնեցնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝ ցանկացած խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փոխզիջում պետք է անի Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց՝ Հայաստանը որևէ զիջում անելու տեղ այլևս չունի, որովհետև իրական օրակարգում ոչ թե Հայաստանի կողմից զիջում անել-չանելու հարցն է, այլ՝ Հայաստանի գոյությունն առհասարակ։
«Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ունի կորուստներ և դրանք վերականգնելու խնդիր։ Հայաստանը ոչ միայն ինչ ուներ՝ զիջել է, այլ դրա հետևանքով դարձել է մի երկիր, որը կորցրել է իր սուբյեկտայնությունը. Հայաստանի վերաբերյալ խնդիրները քննակվում են այլ հարթակներում՝ առանց Հայաստանի որոշման»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ գիտակցումն ունի նաև Հայաստանի իշխանությունը, որը փորձում է տարատեսակ փառատոների անվան տակ թուլացնել հասարակության պայքարի ոգին, զգոնությունը, ինչն իրենց պետք է միայն մեկ նպատակի համար՝ իշխանությունը պահպանելու։
«Հայաստանի այս Կառավարությունն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթավորում ու ներկայացնում է՝ որպես Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պետք է հանձնենք, որ լավ ապրենք, պետք է գյուղերը տանք թշնամուն, դա նույնպես բխում է հայկական շահից։ Հասկացությունների իմաստի փոփոխության ճանապարհով է այս իշխանությունը գնում»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով՝ խաղաղության մասին խոսում է մի իշխանություն, որի օրոք Ադրբեջանի ղեկավարի մակարդակով հայտարարվում է Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի մասին, հայկական քաղաքներն էլ ադրբեջանական անվանումներով են նշվում։
«Հետևապես, խնդրի էությունը չի փոխվել. այն ժամանակ ադրբեջանցիների համար խնդիրն Արցախն էր, հիմա՝ Սյունիքը, Սևանի ավազանը։ Պատմական փորձառությունն ասում է՝ մենք խաղաղ չենք ապրել, հետևաբար՝ հիմա ո՞վ ասաց, որ պետք է հավատանք, թե 1000 տարի խաղաղ չենք ապրել, բայց հիմա սահմանագծում և սահմանազատում անեն, խաղաղ կապրենք։ Ի՞նչ խաղաղության խաչմերուկ, դա ծիծաղ է առաջացնում, որովհետև Հայաստանն իր անվտանգությունը չի կարողանում ապահովել, էլ ուր մնաց՝ տարածաշրջանի»,- ասաց Հրատ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով.
«Փաշինյանը հող չտվող երբեք չի դառնա. երկիրը տալիս է, իշխանությունը պահելու համար, կամ իշխանությունը գնում է՝ վճարելով երկրի հաշվին»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։