ԿԳՄՍՆ-ի բյուջեն 2025-ին ավելի քան 362 մլրդ կկազմի. ինչ նախագծեր են իրականացվելու
Հաջորդ տարվա համար նախատեսված է 362 մլրդ 600 մլն դրամ, որը 4.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի համար պլանավորված բյուջեն: Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2025-ի բյուջեով նախատեսված ծախսերը:
«Հիշեցնեմ, որ նախորդ տարվա 2023 թվականի համեմատ արդեն իսկ ավել էր 38 տոկոսով, ինչը նշանակում է, որ այս ոլորտի ծախսերի շարունակական աճի միտումը պահպանվում է»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ երեք տարում ավելի շատ դպրոցներ են վերանորոգվել ու կառուցվել քան նախորդ 25 տարում և հավելեց, որ 2025-ին շարունակվելու են հանրակրթական դպրոցների հիմնանորոգումն ու կառուցումը, որ բոլոր աշակերտները նույն պայմաններով գնան դպրոց:
Նախարարը նշեց, որ շարունակելու են իրականացնել 500 նոր մանկապարտեզի հիմնանորոգման և կառուցման ծրագիրը: «Ցանկում ներառված են ինչպես առանձին մանկապարտեզներ, այնպես էլ ամբողջական նախակրթարաններ: Կառավարության կարևոր թիրախներից է, որ բոլոր բնակավայրերի համար հասանելություն ապահովվենք նախադպրոցական ծառայության»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այն բնակավայրերը, որտեղ մինչև տաս երեխա է ապրում, այլընտրանքային ծառայությունների մոդել կկիրառվի, կամ տրասնպորտային ծառայության ապահովման միջոցով կապահովվի ծառայության հասնելիույթունը:
«10-50 երեխա ունեցող բնակավայրերում կներդրվեն նախակրթարաններ, 50-ից ավել երեխաներ ունեցող ընդամենը 14 բնակավայր ունենք, որտեղ մանկապարտեզ դեռ չկա, այստեղ էլ նախատեսում ենք մանկապարտեզների կառուցում, որը պլանավորված է հաջորդ տարվա բյուջեով»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ խոշորածավալ մյուս ծրագիրը «Ակադեմիական քաղաք» ծրագիրն է, որի համար 2025 թվականի բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր և մեծ թափով իրականացնելու ենք ծրագրի իրականացումը:
«Հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք վերջապես բացել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը, որը լինելու է ամբողջությամբ արդիական պայմաններով ու պահանջներով կառուցված նոր շենք: Կարծում եմ՝ գարնանն արդեն հնարավորություն կունենանք գտնվել նոր շենքի բացմանը»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ մարզակառույցներն իրենց կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունն են:
«Շուրջ 10.5 մլրդ դրամ է հատկացված այս ուղղությամբ և շարունակվելու են աշխատանքներն Արթուր Ալեքսանյանի սպորտային համալիրի կառուցման ուղղությամբ, պլանավորված է նաև Ալբերտ Բազեյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը»,- ասաց նախարարը: