Հովհաննես Վարյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության, ապրիլի 9-ի և Ներսես Նազարյանի մասին

Այսօր մամուլում և ինտերնետային լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանն առաջիկա օրերին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։

Այս առնչությամբ 168.аm-ը զրուցեց Հովհաննես Վարյանի հետ: Մեր հարցին, թե որքանո՞վ են ճիշտ մամուլում հայտված տեղեկությունները, Հ. Վարյանը պատասխանեց. «Չէի՞ք կարող նախարարության Կադրերի վարչություն զանգեիք, իմանայիք՝ ինձ հանո՞ւմ են գործից, թե՞ չեն հանում: Իրենք հաստատ կիմանան: Ես չգիտեմ՝ ինձ գործից հանո՞ւմ են, թե՞ չէ: Զանգահարեք Կադրերի վարչություն, իրենցից իմացեք՝ հանո՞ւմ են, թե՞ ոչ: Ես տեղյակ չեմ՝ ձեզնից իմացա, որովհետև մամուլ չեմ կարդում»:

Ինչ վերաբերում է Ոստիկանությունում տեղի ունեցող պաշտոնանկություններին, նոր նշանակումներին, մասնավորապես՝ Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը, ապա Հովհաննես Վարյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե ինչի՞ համար է դա արվում.

«Շատ բարդ հարց եք տալիս: Չգիտեմ՝ ինչի՞ համար են ազատում ու ի՞նչ կտա դա: Ես կոնկրետ պարոն Նազարյանին գործից չեմ հանել, նա իմ աշխատողը չի եղել, դրա համար ձեր հարցի պատասխանը ստանալու համար կուղարկեմ ձեզ նույն տեղը՝ Կադրերի վարչություն»:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է համակարգային փոփոխությունների հասնել պաշտոնանկությունների և փոխատեղումների միջոցով, Հ. Վարյանն այսպես արձագանքեց. «Հատուկ «168 Ժամի» համար նշեմ, որ ես կարծիք չունեմ: Ավելի հանգիստ եմ ապրում, երբ ոչ մի կարծիք չունեմ»:

Համացանցում շրջանառվող տեսանյութին ու քննարկումներին, ըստ որի՝ Ներսես Նազարյանն ապրիլի 9-ին հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ով էլ իր հերթին՝ ցանկացել է նետվել Ն. Նազարյանի վրա, Հովհաննես Վարյանը կասկածանքով է մետենում: «Ես գիտեմ, որ Ներսիկ Նազարյանը շատ ինտելիգենտ ու համեստ մարդ է: Կարծում եմ՝ նա չէր կարող հրապարակային հայհոյել Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ընդգծեց նա:

Իսկ ապրիլի 9-ի Ոստիկանության աշխատանքը Հ. Վարյանը դրական է գնահատում: «Նայեք հետևանքներին՝ եթե չկան զոհեր, չկան վիրավորներ, կամ դրանք չնչին քանակությամբ են, ուրեմն՝ Ոստիկանությունը շատ զսպված գործելաոճ է ցուցաբերել»,- ասաց Հովհաննես Վարյանը:

Նա նկատեց, որ եթե ինքն այդ օրն Ազատության հրապարակում կամ Բաղրամյան փողոցում լիներ, Ոստիկանության աշխատանքը նույնը կլիներ՝ «զսպված», թեպետ խոստովանեց, որ «ամբոխի հետ շատ դժվար է աշխատել»:

Տեսանյութեր

Լրահոս