#ՀԻՄԱ. ՔՊ-ն փնտրում է Արդարադատության նախարարի թեկնածու. Հայկ Կոնջորյան. #ՈւՂԻՂ
Նորմալ քննարկումներ են և դա բնական է, կառավարող ուժը քննարկումների միջոցով մշտապես փորձում է գտնել լավագույն լուծումները, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արդարադատության նախարարի փնտրտուքներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ ինքը վարչության անդամ չէ, սակայն որպես խմբակցության ղեկավար մասնակցում է քննարկումներին:
«Դրա մասին կարող եք հարցեր ուղղել վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին: Միայն կարող եմ իմ գոհունակությունը հայտնել ընթացակարգի վերաբերյալ»,-նշեց նա:
Հարցին՝ ի՞նքն էլ է Արփի Դավոյանի պես կարծում, որ թեկնածուն պետք է քաղաքական թիմից լինի՝ Կոնջորյանը պատասխանեց. «Պետք է առաջնորդվել լավագույն թեկնածու գտնելու առաջնորդությամբ, ոլորտի և պետական շահը թելադրում է, որ կարողանանք լավագույն լուծում գտնել: Թե կոնկրետ ինչ թեկնածու ու լուծումներ կլինեն՝ առաջիկա նիստից հետո կիմանաք: Բարձր ստանդարտներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և ելնելով դրանից՝ դժվար, բայց առաջիկայում կունենանք նշանակում»։