Լավրովը ցույց է տալիս այն խնդիրները, որոնց կարող է բախվել է ՀՀ-ն՝ իր ռազմավարությունը շարունակելու դեպքում. Վահե Դավթյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը զրուցել է քաղաքագետ Վահե Դավթյանի հետ
– Արարատ Միրզոյանը Ստամբուլում «3+3» ձեւաչափով հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, խոսել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու Ադրբեջանին ուղղված առաջարկի մասին։ Ի՞նչ է առաջարկում հայկական կողմը։
– Հերթական անգամ փորձում են օրակարգ բերել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի բաղկացուցիչ մասերից է հանդիսանում Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, բայց մի բան է հստակ, որ այսօր չկա բանակցային որեւէ հարթակ, որում այդ նախագիծը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հեռանկարով հանդերձ, բանակցվի կամ իրականում լինի որեւէ միջպետական օրակարգում։ Առավել քան հատկանշական է, որ այս մասին խոսվում է «3+3» -ի շրջանակներում, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների։
Ինչո՞ւ եմ ես սա հատկապես ընդգծում, որովհետեւ, մեծ հաշվով, «3+3» -ի շրջանակներում այս պահի դրությամբ կարելի է անել ամենատարբեր հայտարարություններ, խոսել ամենատարբեր ուղղությունների մասին՝ չունենալով եւ չկրելով դրա որեւէ հստակ պատասխանատվությունը, որովհետեւ «3+3» -ը դեռեւս նախաձեռնություն է, այն գտնվում է կայացման փուլում, այս ձեւաչափի վերջին՝ քիչ , թե շատ կայացած նիստը տեղի է ունեցել 2023-ին, այն էլ՝ փոխնախարարների մակարդակով եւ սա համեմատաբար բարձր մակարդակում անցկացված առաջին հանդիպումն է ու կողմերը դեռ պետք է սինքրոնիզացնեն շահերը։
Այսինքն, «3+3» -ի հարթակը դեռեւս պետք չէ ընկալել որպես մի հարթակ, որտեղ արված հայտարարությունները կունենա իմպերատիվ բնույթ, առավել եւս, աշխարհաքաղաքական տեսանկյունից այն բավականին խնդրահարույց է։ Եթե ուշադրություն դարձնենք այնտեղ հնչած հայտարարություններին, իսկ այն թուրքական նախաձեռնություն է, որն օրակարգ բերվեց 44-օրյա պատեերազմից հետո, փաստացի եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած հիմնադրույթները կյանքի կոչելու նպատակով, ապա կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտատարածաշրջանային, իսկ ավելի կոնկրետ՝ առանց արեւմտյան ուժերի ներգրավման։
Հիմա, այն պայմաններում, երբ հայկական կողմը բազմաթիվ խնդիրներ, այդ թվում, Արցախի հարցի «լուծումը» իրականացրեց արեւմտյան դերակատարների ուղիղ ներգրավմամբ եւ երաշխավորմամբ, «3+3»-ին միանալը հայկական կողմի համար ավելի շատ մանեւրային քայլի տպավորություն է թողնում եւ, բնականաբար, այդ հարթակը օգտագործելու են իրենց այդ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար, բայց առանց որեւէ կիրառական հետեւանքի կամ արդյունքի։
-Լավրովը հայտարարեց, թե ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին «3+3» հարթակն են առաջարկում խաղաղ պայմանագրի համար։ Սա փորձ է պրոցեսները տարածաշրջանային խաղացողների տիրու՞յթ բերելու։ Երեւանն ինչպե՞ս կարձագանքի սրան։
-«3+3»-ն ամբողջությամբ հակասում է արեւմտյան գեոռազմավարությանը Հարավային Կովկասում, եկեք սա շատ հստակ հասկանանք, եւ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվում է Երեւանի կողմից կամ ցանկացած հայտարարություն, որը արվում է Երեւանի կողմից` «3+3»-ի շրջանականերում, ապրիորի դիտարկվելու է որպես մի երեւույթ, որը հարավկովկասյան տարածաշրջանում բացառում է խաղաղության հաստատումը արեւմտյան դերակատարների ներգրավմամբ, ինչը, իհարկե, հակասության մեջ է մտնում վերջին տարիների փորձի հետ, որը կուտակվել է Երեւանի կողմից։
Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ մենք չունենք հստակեցված արտաքին քաղաքական դոկտրին։ Սա՝ առաջին, երկրորդ՝ շատ կարեւոր հանգամանք է, որ այս ձեւաչափում բացակայում է տարածաշրջանային շատ կարեւոր խաղացող, որը Վրաստանն է, նա փաստացի չի մասնակցում այս գործընթացներին, մինչդեռ, եթե պաշտոնական Երեւանը խոսում է տրանսպորտային ապաշրջափակման մասին, ապա վրացական գործոնը շրջանցելով, ինչպես հասկանում եք, դա անհնարին է անել, ուստի, գլխավոր խնդիրը, որը այսօր պետք է լուծվի եւ որի լուծման պարագայում հնարավոր կլինկի խոսել «3+3»-ի իրական հեռանկարների մասին, դա Վրաստանին բերելն է այդ տիրույթ։
Մյուս խնդիրն այն է, որ թեեւ 2022-ից ի վեր Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ որոշակի մեղմացումներ կան, այնուամենայնիվ, մենք գիտենք որ սկզբունքային հարցերի, մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Բաքուն եւ Թեհրանը ունեն դիամետրալ հակադիր մոտեցումներ եւ սա եւս այն սկզբունքային հարցերից է, որը խարխլում է «3+3» ձեւաչափը, ուստի ես նորից գալիս եմ այն հիմնադրույթին, որ այս ձեւաչափը դեռեւս նախաձեռնություն է։ Սրան գումարած՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ շատ խորքային հակասությունները՝ կապված Հարավային Կովկասում տրանսպորտային եւ էներգատրանսպորտային միջանցքների ձեւավորման հետ։
Չմոռանանք, որ այս ձեւաչափով եւս ՌԴ-ի ու Թուրքիայի շահերը բախվում են, որովհետեւ ՌԴ-ն ամեն կերպ փորձում է առաջ մղել Հյուսիս-Հարավ նախագիծը, մինչդեռ Թուրքիան հանդես է գալիս որպես «ՏՐԱՍԵԿԱ» -ի՝ Արեւելք-Արեւմուտքի գլխավոր ներկայացուցիչ եւ շահառու։ Այս ամենն ի մի բերելով՝ գալիս ենք եզրահանգման, որ «3+3»-ը դիվանագիտական մի հարթակ է, որը իրենից չկայացած նախաձեռնություն է ներկայացնում։
-Սրանով հանդերձ, տարածաշրջանային զարգացումներում Ռուսաստանի դերակատարության որոշակի ակտիվացում նկատելի՞ է, թեկուզ «3+3» -ի միջոցով։
-Դիվանագիտական մակարդակում Ռուսաստանի ներգրավվածության որոշակի ակտիվացում է տեղի ունենում, որոշակի ակտիվացում է նկատվում նաեւ Իրանի կողմից, որը շարունակում է հանդես գալ այն դիրքերից, որ արեւմտյան ուժերը տարածաշրջանային խնդիրներում չպետք է ներգրավված լինեն, բայց մի բան հստակ է՝ հարավկովկասյան տարածաշրջանի ապաշրջափակման ամբողջ ռազմավարությունը, վաղ, թե ուշ, իրականացվելու է երկու բեւեռների՝ պայմանական արեւմտյան եւ արեւելյան, շահերի համաձայնեցման կամ սինքրոնիզացման, բանակցային գործընթացի հետեւանքով։
Այստեղ ֆրագմենտար մոտեցումն ուղղակի բացառվում է, որովհետեւ, եթե միակողմանի սցենար կյանքի կոչվի, օրինակ, նույն «3+3» -ի շրջանակներում եւ դրանով ոտնահարվի Արեւմուտքի շահը, սա հղի է նոր կոնֆլիկտային իրավիճակներով: Իհարկե, կարճաժամկետ ժամանակահատվածում «3+3» -ը նշանակում է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Իրանի ակտիվացում, բայց եթե հարցը շատ կիրառական դիտարկենք, այն լուրջ ազդեցություն չի ունենա տարածաշրջանային նոր անվտանգային համակարգի ձեւավորման գործընթացի վրա։
-Ի՞նչ ակնարկ էր Լավրովի հայտարարությունը, թե հայկական կողմը ցանկանում է ուղիղշփվել Թուրքիայի հետ եւ որ գործընթացները կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
– Այստեղ մի քանի շեշտադրում կա, առաջինը փաստացի կապված է նոյեմբերի 10-ի հայտարարության հետ, մասնավորապես, ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմն այլեւս խախտել է եռակողմ հայտարարության բոլոր հիմնադրույթները եւ, որ այն փաստացի, այս պահի դրությամբ, չի գործում՝ ի շնորհիվ հայկական կողմի, որովհետեւ այն, որ պաշտոնական Երեւանը փորձում է խաղաղության, ապաշրջափակման եւ այլ խնդիրներ լուծել երկկողմ ձեւաչափով, ուղիղ հակասության մեջ է եռակողմ հայտարարության հետ։ Սա հիմնական շեշտադրումն է, որովհետեւ վերջին շրջանում սրա շուրջ ՌԴ-ում բավականին լուրջ խոսույթ զարգացավ եւ հայկական քաղաքական դաշտում եւս մեծ լիցք հաղորդվեց դրան եւ այս հայտարարությունը հենց դրան էր վերաբերում, որ հայկական կողմը խարխլում է այն հիմքերը, որոնք դրվել են եռակողմ հայտարարությամբ։ Երկրորդը, ավելի լայն իմաստով, սա աշխարհաքաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություն էր։ Լավրովը փորձում է ցույց տալ հնարավոր խնդիրները, որոնց կարող է բախվել Հայաստանը, որոնք տեղի կունենան՝ որպես փաստ, այն պարագայում, եթե Հայաստանը շարունակի իր այս ռազմավարությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը։
Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ հայկական կողմն ինքն է ընտրել իր հակառակորդի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության մեջ մտելը եւ այլեւս բացառապես Հայաստանն է միայնակ պատասխանատվություն կրում բոլոր այն բացասական հետեւանքների համար, որոնք կարող են լինել՝ ներառյալ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ հաշվի առնելով այն, որ մերձիշխանական շրջանակներում պարբերաբար խոսք է գնում այն մասին, որ Զանգեզուրյան միջանցք նախագծում հավասարապես հետաքրքրված են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն։ Ընդգծելով, որ հայկական կողմը երկկողմ ձեւաչափով է փորձում հարցերին լուծում տալ, ՌԴ-ն սրանքվ շեշտում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի միայնակ կրել այն պատասխանատվությունը բոլոր հետեւանքների համար, որոնց դա կարող է հանգեցնել։
– Հայ-թուրքական գործընթացում ինչ-որ տեղաշարժ կարձանագրվի՞, թե՞ Միրզոյան-Ֆիդան հանդիպումը հերթականներից էր։
-Առաջխաղացում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե հայկական կողմը ձեւակերպի սեփական շահերն ու բանակցային դիրքերը եւ դրանով մտնի երկխոսության մեջ։ Այն պայմաններում, երբ չունենալով հստակ արտաքին քաղաքականություն, մի կողմից գնում ենք ԵՄ եւ այնտեղ բազմաթիվ գագաթնաժողովների մասնակցում, փորձում ենք ռազմավարական ու ռազմաքաղաքաական երկխոսություն զարգացնել արեւմտյան որոշ դերակատարների հետ, իսկ մյուս կողմից, խոսում ենք «3+3» -ի առաջնահերթության մասին, սա ոչ թե բազմավեկտորության կամ ինչպես սիրում են ասել՝ դիվերսիֆիկացման դրեսեւորում է, այլ արտաքին քաղաքականության վեկտորի հստակեցման բացակայություն։ Ես չեմ կարծում, որ այս պայմաններում հայ-թուրքական դիվանագիտական, հաճախ զուտ պրոտոկոլային նշանակության հայտարարությունները կարող են գետնի վրա իրականություն դառնալ, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված է ոչ միայն բուն հայ-թուրքական հարաբերություններից, այլ ավելի շատ թուրք-ռուսական եւ թուրք-իրանական հարաբերություններից։
ՀՀ-ն, որն այս պահին չունի սուբյեկտայնության այն աստիճանը, որ տարածաշրջանային գերտերությունների հետ հարաբերությունների ձեւաչափի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնի, ավելի ու ավելի շատ պետք է ստիված լինի հետեւել թուրք-ռուսական եւ թուրք-իրանական հարաբերություններին։ Դրանց ընթացքից է կախված լինելու Հայաստանի տեղը եւ դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ, դրանից է կախված լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում լուրջ նկրտումներ ունի եւ ամեն կերպ փորձելու է սեփական աշխարհաքաղաքական դերակատարումը ցույց տալու համար «3+3» -ը ներկայացնել որպես միակ պլատֆորմ, որը կարող է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության համակարգ հաստատել, որովհետեւ բոլոր այն նախագծերը, որոնց մասին մենք խոսեցինք, 2020 թվականից ի վեր, մշակվել եւ կամաց-կամաց կյանքի են կոչվում հենց Անկարայի կողմից։ Մենք այս տրամաբանության մեջ պետք է դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունները, որոնք սուվերեն հարաբերություններ չեն։
-Վերջին հարցը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը հավանաբար, քննարկվե՞լ է «3+3» -ի շրջանակում։
-Ես կարծում եմ, որ դա առանցքային խնդիրներից է, որը քննարկվել է այդ ձեւաչափում եւ դրա մասին վկայում է այն, որ պաշտոնական Երեւանը հանդիպումից հետո տեղեկություն տարածեց Գյումրի-Կարս երկաթուղու շուրջ տեխնիկական հարցերի լուծման մասին։ Ի՞նչ է սա նշանակում․ թուրքական ու ադրբեջանական կողմերը երբեք չեն խոսել ամբողջական ապաշրջափակման մասին կամ, եթե խոսել են, այդ հարցը բերել հասցրել են Զանգեզուրյան միջազնցքի ձեւավորման խնդրին, այն, որ Երեւանը հանդիպումից հետո խոսում է Կարս-Գյումրիի մասին, վկայում է, որ եղել են որոշակի քննարկումներ:
Ես չեմ բացառում, որ եղել է որոշակի կոշտ դիրքավորում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ենթադրում եմ, որ հայկական կողմն այդ ամենին ի պատասխան, հերթական անգամ ցուցադրել է ոչ այնքան սուվերեն եւ ռազմավարական կեցվածք, բայց ներքին լսարանին որոշակի ականջահաճո տեղեկություն հաղորդելու համար տարածել են այն, որ աշխատանքներ են սկսվել Գյումրի-Կարսի ուղղությամբ։ Ես նորից եմ ուզում կրկնել՝ Հարավային Կովկասում տրանսպորտային, տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակումը 2020-ից ի վեր առաջնահերթություն չի եղել, դրանից առաջ՝ առավել եւս չի եղել։
Թե Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ապաշրջափակման քողի ներքո, որպես կանոն, հասկանում են Զանգեզուրյան միջանցքի բացումը, այնպես, որ կարծում եմ, այո՛, հարցը եղել է օրակարգում եւ տեղեկատվական հնարքը, որին գնաց հայակական կողմը, հենց դրա վկայությունն է։
Պետք է հասկանալ մի բան՝ Թուրքիան այսօր կյանքի է կոչում Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը, որը լինելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասը եւ ենթադրվում է, որ Կարս-Իգդիր-Նախիջեւանը միանալու է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքին, իսկ այս իրավիճակում Թուրքիայի համար Գյումրի-Կարսի վերաբացումը թե՛ ռազմավարական, թե օպերացիոն տեսանկյունից կորցնում է որեւէ նպատակահարմարություն, որովեհեեւ ձեռք է բերում լոկալ նշանակություն հայ-թուրքական առեւտրաշրջանառության համար։
Այստեղ, իհարկե, մենք չպետք է զուգահեռներ անցկացնենք 2008-09թթ հետ, երբ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ կենտրոնական հարցերից մեկը հենց Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումն էր, որը իրականում ռուսական կողմը, որ այն ժամանակ հայկական երկաթուղու կոնցեսիոներն էր, փորձում էր տեղավորել Հյուսիս-Հարավի տրամաբանության մեջ, ներկայացնելով դա այնպես, որ Գյումրի-Կարսի վերաբացման պայմաններում Թուրքիան կկարողանա իր համար ելք ապահովել ձեւավորվող Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքին, որի լոգիստիկ սցենարներից մեկը նախագծվել էր Հայաստանի ենթակառուցվածքների ներգրավմամբ՝ այն ժամանակ Իրան-Հայաստան երկաթուղու տեսքով, բայց քանի որ այս ամբողջ ճարտարապետությունը փաստացի փլուզվեց, Գյումրի-Կարսը նպատակահարմար չէ Թուրքիայի համար։
Իսկ հայկական կողմի փորձը՝ սա ներկայացնել որպես մի նախաձեռնություն, որը Հայաստանը դարձնելու է տրանզիտային երկիր, իբրեւ թե Եվրոպան Ասիային կապող միջին միջանցքը կբերվի այստեղ, մերկապարանոց է, որովհետեւ միջանցքը ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տեսքով արդեն փաստացի գործում է եւ վիճակագրական տվյալները բավական է նայել՝ հասկանալու համար, որ այն թերծանրաբեռնված է, ուստի, տնտեսական որեւէ արգումենտացիա եւս, այստեղ չի աշխատելու։