Վլադիմիր Գասպարյան. Մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ, որում ասված է.
«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը` պայքարն ընդդեմ հանցավորության և հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը` անձնազոհություն, և հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության և կյանքի գնով:
Անցյալ դարի սկզբից, հայոց պետականության հաստատումից ի վեր Հայաստանի ոստիկանությունը գործով է վկայում, որ մասն է ժողովրդի ու ժողովրդի հետ: Մենք միշտ պետք է հիշենք, որ ժառանգն ենք սխրանքներով, նաև անկումներով ու կորուստներով լի պատմության, և այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում` պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, իրավապահի գործի արդիական ընկալմամբ նվիրվենք մեր երեխաների պետության կայացմանը, Հայաստան երկրի, որտեղ օրենքի գերիշխանություն է, արդարության հրամայական, քաղաքացու ապահովություն:
Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:
Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին` Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք:
Աստված ձեզ պահապան»: