Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պուտինը հրաժարվել է զանգահարել Շոլցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի հարցով միջնորդությունը քննարկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։

«Նա հրաժարվում է ընդունել խաղաղությունը և ամեն օր հերթական ազդանշանն է տալիս պատերազմի և ավերածությունների օգտին։ Այս օրերին նա նույնիսկ պատրաստ չէ հեռախոսով խոսել Գերմանիայի կանցլերի հետ»,-ըստ Deutsche Welle պարբերականի՝ շեշտել է Բերբոքը։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության աղբյուրները Die Zeit պարբերականին հայտնել էին, որ Շոլցը Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովից առաջ դիտարկում է Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորությունը։

Իր հերթին, Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է, որ Բեռլինը դեռ չի կարող նշել հնարավոր հեռախոսազրույցի ճշգրիտ ամսաթիվը։ «Կանցլերը բազմիցս հայտարարել է, որ հարմար պահին կրկին հեռախոսով կխոսի Պուտինի հետ։ Ներկա պահին չեմ կարող ձեզ ասել նման զրույցի կոնկրետ ծրագրերի մասին»,-շեշտել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է երկխոսության, իսկ գերմանական կողմը հեռախոսազրույց չի խնդրել։

Տեսանյութեր

Լրահոս