ՌԴ-ում խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների դիերը տեղափեխվել են Հայաստան

Ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:

Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։

Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:

Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:

Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:

Պատահարի հետևանքով տուժած ՀՀ ևս մեկ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տեսանյութեր

Լրահոս