Մոդին Պուտինին տեղեկացրել է Կիև կատարած իր այցի մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ կցանկանար օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նարենդրա Մոդին տեղեկացրել է վերջերս Կիև կատարած իր այցի մասին՝ ընդգծելով շահագրգռվածությունը՝ ավանդ ներդնելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում», – ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինն իր հերթին շարադրել է Մոսկվայի մոտեցումները հակամարտության լուծման ուղիների վերաբերյալ և ապակառուցողական է անվանել Կիևի և Արևմուտքի որդեգրած դիրքորոշումը։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահը և Հնդկաստանի վարչապետը քննարկել են հուլիսին Մոդիի՝ Մոսկվա այցի ժամանակ ձեռք բերված առևտրի ոլորտին վերաբերող համաձայնությունների իրագործման հարցը։
Մոսկվան և Նյու Դելին նաև գոհունակություն են հայտնել ԲՐԻԿՍ-ում համագործակցության առնչությամբ։ «Մոդին հաստատել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու հոկտեմբերին Կազանում միավորման՝ Ռուսաստանի նախագահությամբ անցկացվելիք գագաթնաժողովին», – նշված է հաղորդագրության մեջ։ Պուտինը և Մոդին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: