«Մոտ ապագայում Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնելու է Սերժ Սարգսյանի կողքին». ՀՀԿ պատգամավորի ակնկալիքները

ԱԺ միջանցքներում շարունակում են ակտիվ քննարկել ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումները: «Միանշանակ դեմ եմ բոլոր տեսակի բախումներին, այդ թվում՝ նաև Բաղրամյան պողոտայի, բայց էս համատեքստում ուզում եմ բարձր գնահատական հնչեցնել Ոստիկանության իրավաչափ գործողություններին: 2008թ. համեմատության մեջ դնելով՝ էական առաջընթաց կա»,- ասաց Տ. Վարդապետյանը:

Մեր հարցին, թե այսինքն՝ զոհեր չտալը նշանակում է՝ գործողությունների իրավաչափությո՞ւն, պատգամավորը պատասխանեց. «Ե՛վ զոհեր չլինելը, և՛ իմ ինֆորմացիայի արդյունքում՝ այդ թվում՝ տեղյակ եմ ընդդիմության գնահատականին՝ իրավաչափ և բարձր եմ գնահատում Ոստիկանության զսպվածությունը, իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, քննադատում եմ բախումները»:

Երբ հիշեցրինք, որ նույն բախումների ժամանակ տուժել էր նաև «Ժառանգության» փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, Տ. Վարդապետյանն ասաց. «Արմեն Մարտիրոսյանը բոլոր դեպքերում իմ գործընկերն է եղել չորրորդ գումարման խորհրդարանում, ես նրան առողջություն եմ մաղթում և կուզենայի, որ նրա մարմնի վրա այլևս արյան հետք չտեսնեմ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այսօր «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Մոսկվա, նա պատասխանեց. «Մենք ունենք վերընտրված նախագահ, ամսի իննին շնորհավորել ենք, և՛ Ռուսաստանի ներկայացուցիչն էր այստեղ, և՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, այնպես որ, բոլոր քայլերը համարում եմ սխալ: Մենք վերընտրված նախագահ ունենք, մնում է շնորհավորել նրան, մնում է նրա կողքին կանգնել, որպեսզի կարողանանք լուրջ, էական, կառուցողական բարեփոխումներ իրականացնել: Այդ թվում՝ ակնկալում եմ, որ մոտ ապագայում Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կանգնելու է գործող նախագահի կողքին, որպեսզի իրականացվեն այդ ծրագրերը»:

Իսկ այն խոսակցություններին ի պատասխան, թե Ր. Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, պատգամավորը թերահավատորեն է վերաբերվում դրան, քանի որ, ըստ նրա, Ա. Աբրահամյանն առաջին շնորհավորողներից մեկն էր, ով ներկա էր գտնվում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային:

Լուսանկարը news.am-ի

Տեսանյութեր

Լրահոս