Ռոբերտ Քենեդին կարող է դուրս գալ ընտրապայքարից. նա սատարում է Թրամփին
ԱՄՆ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Ֆիցջերալդ Քենեդին ցանկանում է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել և սատարել նրան՝ Թրամփի հնարավոր վարչակազմում պաշտոնի դիմաց։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Քաղաքական գործողության հանձնաժողովներից մեկից։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է, որ օգոստոսի 23-ին ելույթ կունենա Արիզոնայում և կխոսի «ներկայիս պատմական պահի և առաջ շարժվելու իր ուղու մասին»։
Հասարակայնության հետ կապերի ամրապնդման գծով տնօրեն Լարի Շարփը Reuters-ին հայտնել է, որ Քենեդին ծրագրում է դուրս գալ ընտրապայքարից և սատարել Թրամփին, բայց դա կախված է նրանից, թե նախկին նախագահն ընտրվելու դեպքում ինչ պաշտոն կառաջարկի Քենեդիին։ Օրերս Թրամփը CNN-ին հայտնել էր, որ պատրաստ է դիտարկել Քենեդիին իր վարչակազմում դեր տալու հնարավորությունը, եթե վերջինս դուրս գա ընտրապայքարից և սատարի իրեն։
Օգոստոսի 21-ին ABC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Քենեդին ծրագրում է մինչև շաբաթվա վերջը դուրս գալ նախագահական ընտրապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին։
Քաղաքական գործողության հանձնաժողովները կարող են անսահման քանակությամբ գումար հանգանակել թեկնածուների համար։ Ըստ հրապարակման՝ American Values հանձնաժողովը մինչև հունիսի 30-ը Ռոբերտ Քենեդիի համար հավաքել էր ավելի քան 50 միլիոն դոլար։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։