Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, որը մեկնարկելու է օգոստոսին։
Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։
Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ Ատոմ Էգոյանին, Էմիր Կուստուրիցային, Արտավազդ Փելեշյանին և այլոց, որոնք խոսում են Փարաջանովի արվեստի եզակիության մասին, հիշում իրենց ծանոթությունը նրա հետ։ Կինոնկարի կարևոր մաս են նաև Սերգեյ Փարաջանովի հետ հարցազրույցից դրվագները, որոնք նորովի են բացահայտում ռեժիսորին։