Բաժիններ՝

«Օլիմպիականները. Փարիզ-2024». լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է. Վարսենիկ Մանուչարյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում իր երկրորդ Օլիմպիական խաղերին է մասնակցում լողորդ Վարսենիկ Մանուչարյանն, ով նոր սերնդի լավագույն լողորդներից է: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը Վարսենիկ Մանուչարյանն է:

Վարսենիկ Մանուչարյան

Լողորդ (բատերֆլայ)

21 տարեկան

Համաշխարհային ուսանողական խաղերի

ոսկե և բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը`հուլիսի 27

-Ե՞րբ եք առաջին անգամ լողավազան գնացել:

-Լողի սկսել եմ հաճախել 7 տարեկանից: Հիշում եմ, որ լողավազանը շատ փոքր էր: Ու հետաքրքիրն այն է, որ երբեք ջրից վախ չեմ ունեցել, նույնիսկ՝ այդ տարիքում: Ընտանիքս հասկացավ, որ ջրի նկատմամբ սերը կա նույնիսկ այն ժամանակ, երբ առանց վախի Սևանում նետվում էի ջուրը:

-Կա՞ մարզաձևում մեկն, ով Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերին Թունիսի ներկայացուցիչ լողորդը դարձավ ոսկե մեդալակիր: Ինձ համար անհավատալի էր, որ երիտասարդը Թունիսից դառնում է Օլիմպիական խաղերի չեմպիոն (հեղ. խոսքը գնում է 400 մետր ազատ ոճում ՕԽ չեմպիոն Ահմեդ Հաֆնաուի մասին): Մինչ մրցաշարն էլ քչերն էին հավատում, որ նա կարող է դառնալ ոսկե մեդալակիր: Ու մինչ ընթանում էր նրա մրցումը, ես ավարտել էի իմ մարզումն ու հանդերձարանից` հեռուստացույցով, հետևում էի մրցմանը: Շատ տպավորված էի, երբ առաջինը նա հասավ եզրագծին: Այդտեղ, այդ պահին հասկացա, որ անհնարին ոչինչ չկա, թե կարողացել է մեկը Թունիսից, կարող է յուրաքանչյուրը:

-Վարսենիկ, ո՞րն է լողի գեղեցկությունը, որն անտեսանելի է մեզ համար:

-Լողի գեղեցկությունը ջրի հանգստությունն է: Որքան պայքարն ուժեղ է ջրում, դրա կրկնակի հանգստությունը կա լողում: Քո պայքարը ջրի հետ չէ, քեզ հետ է:

-Եթե ձեզ հնարավորություն տրվեր ընտրելու բոլոր ժամանակների լավագույն լողորդներից մեկին ու մարզվել նրա հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Անխոս, Մայքլ Ֆելփսը, չէ՞ որ նա բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիականն է, կընտրեի նաև Ավստրիալիայի հավաքականին:

-Ձեր առաջին Օլիմպիական խաղերը Տոկիոյինն էին: Ի՞նչ են տվել Ձեզ այդ խաղերը:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերում ես ընդամենը 18 տարեկան էի: Օլիմպիական խաղերի ընկալումս այլ էր: Չէի պատկերացնում, թե ինչպիսին կլինեն խաղերը, ինչպիսին կլինի իմ մրցաշարը: Տոկիոյում՝ մրցման նախորդող փուլերում հասկացա, որ ինքնավստահության պակաս ունեմ: Գերլարված էի, վախ ունեի: Իմ առաջին մասնակցությունն էր, ու ես գալիս եմ մի երկրից, որտեղ լողն այդքան էլ զարգացած չէ:

-Իսկ ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրած Փարիզ-2024-ի համար:

-Տոկիոյից մնացած փորձ կա: Վստահ գիտեմ, թե ինչ փուլեր եմ անցնելու, ինչպես ինձ դրսևորեմ: Հիմա ինքս ինձ հետ խոսում եմ, ասում, որ տարբեր մրցաշարերի եմ մասնակցել և լարվելու իմաստ չկա, արա այն, ինչ կարող ես ու վերջ: Ահա այս մտքով էլ գնում եմ խաղերին: Նպատակս սեփական արդյունքներս լավացնելն է:

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…հուսով եմ` անմոռանալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս