Աշխարհի որևէ երկիր պատրաստ չէ դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի. Սուրեն Սուրենյանց
ԵՄ-ի աջակցության և մի քանի ճշմարտությունների մասին
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը:
Իհարկե, Հունգարիան հենց այնպես արգելքը չի հանել և հասել է նրան, որ Ադրբեջանը ԵՄ այլ միջոցներից համարժեք գումար է ստացել՝ ականազերծման աշխատանքների համար:
Առհասարակ, մենք պետք է ընդունենք օբյեկտիվ այն իրողությունը, որ այս պահին Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունի աշխարհաքաղաքական բոլոր ուղղություններում և դա հետևանք է այդ երկրի սուբեկտության կտրուկ մեծացման:
Նաև սրա համար եմ ասում, որ այսօր գործնականում աշխարհի որևէ երկիր պատրաստ չէ դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Այս փաստից պետք չէ հիասթափվել կամ ծայրահեղությունների գիրկն ընկնել. ընդամենն անհրաժեշտ է հետևողական լինել և ներքին բարեփոխումների ու արտաքին մտածված քաղաքականության հետևանքով մեծացնել Հայաստանի սուբեկտությունը:
Ցանկացած աջակցություն, այդ թվում՝ ԵՄ 10 միլիոն եվրոն, որը նպաստում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը, դրական է:
Այլ խնդիր է, որ այդ տասը միլիոնն անգամներով ավելի արժեքավոր կլիներ, եթե՝ ոչ թե Հայաստանի «հակառուսականության», այլ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի արդյունքում ստացվեր:
Հակառակ պարագայում՝ մեծ է վտանգը, որ ստացված աջակցությանը համարժեք ռիսկեր են առաջանում, որոնց կառավարումը խնդրահարույց է դառնում Հայաստանի համար:
Սուրեն Սուրենյանց