Նոր մանրամասներ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս