Ո՞ւմ հաշվին են ուզում փոխել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը

Հայաստանից քաղաքացիների ակտիվ արտահոսքը չի դադարում։ Անգամ ՔՊ-ականներն են սկսել խոստովանել, որ երկիրը հասցրել են աղետալի ժողովրդագրական վիճակի։

Վերջերս Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությամբ, եթե միջին սցենարով գնա մեր ժողովրդագրության զարգացումը, 2050թ. կունենանք հազիվ 2,3 միլիոն մարդ։

Պատկերացնելու համար ասենք, որ վերջին մարդահամարի տվյալներով, Հայաստանի բնակչության թվաքանակը կազմում է 3 միլիոնից մի փոքր ավելի։

Այլ կերպ, միջազգային հեղինակավոր կառույցի գնահատումներով, այս տեմպերով գնալու դեպքում մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թիվը կնվազի շուրջ 700 հազարով։

Կարդացեք նաև

Մինչդեռ՝ 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոսում էր մինչև 2050թ. Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու մասին։

Այսօր դրան անգամ ՔՊ-ականներն են սկսել կասկածել, ովքեր սովորաբար անվերապահորեն համաձայնում են իրենց կուռքի ասածներին։

«Ակնհայտ է, որ միայն ծնելիության խթանմամբ չենք կարողանալու ժողովրդագրություն բարելավել, որովհետև մեր պտղաբերության ցուցանիշը 1,7 է, իսկ մենք գիտենք, որ անհրաժեշտ է առնվազն 2,1, որպեսզի ունենանք դրական դինամիկա»,- խոստովանում է առողջապահության նախկին նախարարը։

Իհարկե, ծնելիության ցուցանիշը Հայաստանում շատ ցածր է, որքան էլ իշխանությունները ձև են անում, թե ծնելիություն են խթանում։ Բայց խնդիրն ամենևին էլ միայն ծնելիություն չէ։ Շատ ավելի էական դեր ունի արտագաղթը։

Արտագաղթի մասին իշխանությունները գերադասում են չխոսել։ Բայց դրանից արտագաղթի տեմպերը, բնականաբար, չեն թուլանում։ Արտագաղթը Հայաստանից շարունակվում է։

Ո՛չ ծնելիության խնդիրն են կարողանում լուծել, ո՛չ արտագաղթը կասեցնել, և ո՛չ էլ իրենց խոստացած մեծ հայրենադարձությունն ապահովել։

Փոխարենը մտածելու ծնելիությունը խթանելու և արտագաղթը կանխելու, հայերին Հայաստան վերադարձնելու մասին, իշխանությունները պատրաստվում են Հայաստանը լցնել այլազգիներով։

«Իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաև, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Հայեր էլ կլինեն, իհարկե, ոչ այդքան բարվոք երկրներից: Բայց մենք ի՞նչ ենք անում, որ այս հարցը սկսենք լուծել, որովհետև առանց աշխատուժի` մեր տնտեսությունը չի կարողանալու ապրել ու աճել»,-ասում է ՔՊ-ական պատգամավորը։

Իհարկե, նրա ասածը նորություն ու եզակի չէ։ Ժամանակին էլ Սփյուռքի հանձնակատարն էր պատրաստվում Հայաստանը լցնել այլ երկրների քաղաքացիներով։

Ասում էր՝ պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ապագայում չմտածենք միայն հայերի հայրենադարձության մասին:

Հայաստանը կարող է արաբների, ասորիների և այլ ազգերի հայրենիքը դառնալ։

«Մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա։ Խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների և այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում:

Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի:

Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»,- Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը սա 2020թ. օգոստոսին էր ասում։

Եվ հիմա նրա ասածը կարծես դարձել է պետական քաղաքականություն։

Եվ դա վերջին տարիներին տեսնում ենք մեր երկիր որոշ ազգերի ակտիվ հոսքերի տեսքով։

Մինչ Հայաստանը լցնում են այլազգիներով ու փորձում դրա հաշվին ժողովրդագրական վիճակը փոխել, Հայաստանի քաղաքացիները շարունակում են արտագաղթել։

Այս տարի էլ մեծ թվով քաղաքացիներ հեռացել են։ Մուտքերի ու ելքերի դինամիկան կրկին բացասական է։

Որքան էլ իշխանությունները սա փորձեն կապել արտագնա աշխատանքի մեկնելու հետ, փաստն այն է, որ գնացողների մի զգալի մասն այլևս չի վերադառնում Հայաստան։ Պարզապես արտագաղթում է։

Դա է պատճառը, որ վերջին տարիներին ունենք մուտքերի ու ելքերի սարսափելի մեծ շեղումներ։

Նախորդ երեք տարիներին Հայաստանից գնացել ու չի վերադարձել շուրջ 138 հազար մարդ։ Միայն 2021թ. հեռացավ ավելի քան 73,5 հազար քաղաքացի։ Հաջորդ տարի՝ ևս 28 հազարը։ Անցած տարի գնաց և չվերադարձավ 36,5 հազար մարդ։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։

Այս տարի էլ միտումը նույնն է, ոչինչ չի փոխվել. չորս ամսում մուտքերի ու ելքերի տարբերությունը գերազանցել է 8,3 հազարը՝ ի հաշիվ գնացողների։

Ակտիվ արտահոսք է եղել հատկապես վերջին երեք ամիսներին։ Փետրվարին ելքերը 7 հազարով են գերազանցել մուտքերին, մարտին՝ 13 հազարով, իսկ ապրիլին՝ 18 հազարով։

Հեռանում են ոչ միայն Հայաստանի, այլև որոշ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիները։ Չորս ամսում 2 հազարի կարգի տարբերություն է արձանագրվել։

Ակտիվությամբ շարունակում է առանձնանալ գերազանցապես Հնդկաստանի քաղաքացիների հոսքը։ Այդ երկրից ընդամենը չորս ամսում 18 հազարից ավելի քաղաքացիների այց է արձանագրվել։ Երկու-երեք տարի առաջ այս թիվն անգամներով փոքր էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031