«Չի կարող բռնապետական երկրում լինել մարդու անվտանգություն, քանի որ այնտեղ պաշտպանվում է բռնապետի անվտանգությունը, ոչ թե մարդու». Արեգ Քոչինյան
Երրորդ տարին անընդմեջ անցկացվող ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում, այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ պանելային քննարկում «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը» խորագրով:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը, «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Նարեկ Սուքիասյանը, «Հայաստանում կանանց հիմնադրամի» համատնօրեն Գոհար Շահնազարյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր խոսքում անդրադառնալով անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածությանը, նշեց, որ 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունների նպատակներից է եղել անվտանգության հայեցակարգի ընկալումը վերանայելը: «Ժողովրդավարությունը եղել է այն հիմնական գործիքը, որով մենք կարողացել ենք քաղաքական ճգնաժամեր հաղթահարել»,- ասաց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը կարևորեց ժողովրդավարությունը նաև ինքնիշխանության պաշտպանության համատեքստում: «Որքան ուժեղ լինեն ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները, այնքան ավելի անվտանգ կլինի երկիրը»,- ընդգծեց Գրիգորյանը:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում հատկապես փախստականների շրջանում մարդու իրավունքների և անվտանգային հարցերի շուրջ պակաս իրազեկվածությանը:
«Շատ քիչ աշխատանք է տարվում փախստականների հետ, որպեսզի բացատրեն, թե ինչ է թրաֆիքինգը, և մեր հայրենակիցները նայում են դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի համար, այնինչ ՌԴ-ն ազատվել է միջազգային օրենսդրությունից, որը կարող էր պաշտպանել մարդկանց թրաֆիքինգից»,- ասաց Շահինյանը:
«Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Նարեկ Սուքիասյանը խոսեց ժողովրդավարության և անվտանգության կեղծ երկընտրանքի մասին՝ մեջբերելով բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց, ժողովրդավար երկրներն ավելի անվտանգ են, քան ոչ ժողովրդավար երկրները:
«Սակայն անցումային փուլում գտնվող ժողովրդավար պետություններն ամենահակվածն են կոնֆլիկտի մեջ ներգրավվելու, նույնիսկ ավելի շատ, քան ավտորիտար երկրները։ Ըստ Freedom House-ի զեկույցի, Հայաստանը հիբրիդային պետություն է, ինչը մեզ դնում է ամենավտանգավոր փուլում»,- նկատեց Սուքիասյանը՝ վերահաստատելով, սակայն, որ ժողովրդավարական ինստիտուտներն են, որ կանխում են պատերազմները։
«Հայաստանում կանանց հիմնադրամի» համատնօրեն Գոհար Շահնազարյանը, իր հերթին, խոսեց գենդերահավասարության և անվտանգության հակադրության նարատիվի մասին։ Ըստ այդ սխալական նարատիվի, եթե մենք ընտրում ենք ժողովրդավարության ճանապարհը, ապա կորցնում ենք մեր ինքնությունն ու քանդում ընտանիքի ինստիտուտը: Այնինչ, ըստ Շահնազարյանի մեջբերած հետազոտությունների, գենդերային հավասարությունն և կանանց իրավունքների կարևորությունը ուղիղ կորելացիայի մեջ են անվտանգ ու խաղաղ հասարակության հետ։ «Այսինքն, սա առաջնային էլեմենտ է ավելի անվտանգ հասարակություն ունենալու համար»,- պնդեց Շահնազարյանը։
«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո փորձ արվեց կապ ստեղծել աշխարհաքաղաքական աղետների ու Հայաստանի բռնած ժողովրդավարության ուղու միջև: Քոչինյանը խոսքով՝ այդ նարատիվը միայն Հայաստանում չէ, որ տարածվում է և բնորոշ է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին։
Ըստ Քոչինյանի, երկրների անվտանգության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այդ անվտանգությունը, նախ և առաջ, մարդու՝ անհատի համար է: «Չի կարող բռնապետական երկրում լինել մարդու անվտանգություն, քանի որ այնտեղ պաշտպանվում է բռնապետի անվտանգությունը, ոչ թե մարդու»,- ասաց Քոչինյանը։
Քննարկումը մոդերացնում էր Freedom House-ի հայաստանյան ծրագրի ավագ օգնական Սոնա Մխիթարյանը:
Ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպվում է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից:
Իրազեկ քաղաքացիների միավորում