Բաժիններ՝

Ե՞րբ կսկսվի հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը

Հայաստանում հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով են գնում, հնարավոր է՝ շահագործումը հնարավոր լինի նախատեսվածից ավելի վաղ:

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են գնում: Հնարավոր է՝ ավելի վաղ կարողանանք սկսել շահագործել, քան մտածում էինք: Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք, իհարկե, որոշ սահմանափակումներով»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերվում է հեղեղումների հետևանքով վնասված և փլուզված կամուրջների վերականգնմանը, նախարարն ասաց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկերների հետ։ «Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- ասաց Սանոսյանը:

Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծումն են գտել: Հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ: Հունիսի 14-ին Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում է տեղի ունեցել, կրկին կտրվի ժամանակավոր լուծում:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկոսով վերականգնված են, որոշ տեղերում միացված չեն՝ տեխնիկական կամ անվտանգային հարցերով պայմանավորված։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, փլուզվել կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով տարբեր հատվածներում լուրջ վնասներ էր կրել նաև երկաթուղին, որի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս