Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:
2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել:
Չնայած օրենքով նախատեսված արգելքին՝ 2004 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու առաջարկը:
Ավագանու անդամները, օժանդակելով համայնքի ղեկավարին, նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը՝ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2004 թվականի հոկտեմբերի 29-ին թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր. մսուր-մանկապարտեզը շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Մինչդեռ, գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:
Այնուհետև, համայնքի ղեկավար Ա.Գ.-ի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի թիվ 304 մսուր-մանկապարտեզը լուծարվել է:
Դատախազը Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի նկատմամբ 2024 թվականի հունիսի 10-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), իսկ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը):
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամներ Վ.Ս.-ի, Գ.Կ.-ի, Վ.Վ.-ի, Ա.Ֆ.-ի, Է.Ս.-ի, Ժ.Ե.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Դատախազը 2024 թվականի հունիսի 14-ին հաստատել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել գույքային հայց՝ մեղադրյալներին վերագրվող արարքների հետևանքով պետությանը պատճառված 295 մլն դրամ գույքային վնասը հատուցելու պահանջով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: