ՔԿ-ն էժան «մուխլյոժի» էր դիմել՝ փորձելով խաբել թե՛ դատարանին, թե՛ Արմեն Աշոտյանին ու նրա պաշտպանական թիմին. ՉՍՏԱՑՎԵՑ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստի սկզբում դատավորն ընթերցեց Արմեն Աշոտյանի դիմումը՝ հասցեագրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին առ այն, որ իրեն թույլատրեն Տերյան փողոցում գտնվող իր բնակարանը թույլատրել տնօրինման հանձնել իր պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանին: Դատարանը չառարկեց, ասաց՝ դիմում կհասցեագրի ՔԿՀ պետին՝ թույլ տալու, որ Արմեն Աշոտյանի անունից սույն խնդրով լիազորագիր տրամադրվի իր պաշտպանին:

Հաջորդիվ Աշոտյանի պաշտպան Մարգար Սողոմոնյանը միջնորդություն ներկայացրեց՝ պարտավորեցնել Քննչական կոմիտեին (ՔԿ) իրենց տրամադրել Բժշկական համալսարանի աշխատակիցների՝ աշխատավարձերի ֆոնդից արհմիության գծով մասհանված գումարների վերաբերյալ հաշվապահական ձևակերպումների առգրավված մատյանների պատճենները, ինչպես նաև պարտավորեցնել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին՝ տրամադրել Բժշկական համալսարանի արհեստակցական կազմակերպության անունով բացված բանկային հաշվի 2011-2016թթ. քաղվածքը:

Դատարանը գտավ, որ միջնորդությունը լուծելու համար կան հանգամանքներ, որ պետք է պարզվեն, ապա նոր միջնորդության վերաբերյալ որոշում կկայացվի: Միջնորդության լուծումը հետաձգվեց:

Կարդացեք նաև

Հաջորդիվ մեղադրյալ Լարիսա Բարսեղյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված գրավի չափը վերանայել, որովհետև Լարիսա Բարսեղյանն ունի վարկային պարտավորություններ, չի կարողանում աշխատանք գտնել, և գրավի չափի նվազեցումը կօգնի նրան հաղթահարել խնդիրները: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝ 5 միլիոն դրամ գրավը դարձնելով 3 միլիոն:

Այս հարցերից հետո դատավոր Դոլմազյանը որոշում կայացրեց հիմնական դատալսումները սկսելու մասին: Հայտարարվեց մի քանի րոպե ընդմիջում, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ հանրային մեղադրող Նշանյանը, ինչից հետո պայմանավորված մեղադրյալ Մարթա Սիմոնյանի՝ դատարանի դահլիճում գտնվելու ժամային սահմանափակմամբ, դատական նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց հանրային մեղադրողներ Դոլինյանի և Նշանյանի բացման խոսքի շարունակությամբ: Ընթերցվում էր այս գործով մեղադրական եզրակացությունը:

Ավարտից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Մարգար Սողոմոնյանն առարկեց դատախազների խոսքի դեմ, նշեց՝ իրենց համար այս գործը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի:

«Ինչին կպնում են, փլվում է: Այս մեղադրանքը շաբլոնային ձևակերպումների հիման վրա է գրված և որևէ առնչություն չունի՝ ինչպես Արմեն Աշոտյանի, այնպես էլ՝ մյուսների հետ»,- ասաց Մարգար Սողոմոնյանը:

Մյուս պաշտպանը՝ Հաբեթ Մարտիրոսյանը, հավելեց՝ հիմնական դատալսումների ընթացքում կապացուցվի իրենց պաշտպանյալի հիմնովին անմեղ լինելը ողջ ծավալով: Ռուբեն Մելիքյանը միացավ իր գործընկերներին:

Բացման խոսքով հանդես եկան նաև մյուս մեղադրյալների պաշտպանները:

Ապա դատական նիստի ավարտից առաջ Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Կարեն Հակոբյանի արտաքին և ներքին դիտումների հետ կապված՝ սկավառակների պարունակությունը տրամադրելու՝ Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանի միջնորդությունը: Քննչական կոմիտեն այն տրամադրել էր փակ ծրարով, որը բացվեց կողմերի ներկայությամբ: Ծրարի մեջ 2 սկավառակ էր՝ տարբեր ֆայլերով ու փաստաթղթերով:

Հաբեթ Մարտիրոսյանը սակայն ասաց՝ ՔԿ-ն ամբողջական տարբերակը չի տրամադրել, կան պակաս հատվածներ:

Արմեն Աշոտյանն ինքն էլ ասաց՝ 6 ամիս դիտարկել են Կարեն Հակոբյանին, սկավառակում մի ամսվա դիտարկման նյութերն են:

«2 նիստ առաջ հիմնավորումներով ներկայացրեցի, որ Կարեն Հակոբյանի գաղտնալսումներն ու արտաքին դիտումները հիմք են հանդիսանում ինձ մեկ տարի տևող ազատազրկման հիմնավորում տալու: Գործի մեջ տեսնելով, որ Կարեն Հակոբյանին արտաքին դիտում են արել 2 ամսով 3 անգամ, 9 ամիս, մենք միջնորդեցինք, որ այդ բոլոր նյութերը տան մեզ: Ինչո՞ւ….Որովհետև եթե մեջը կային նախադասություններ, որոնք կոնտեքստից կտրվել, բերվել իմ կալանքի հիմքում են դրվել, ապա մեծ հավանականությամբ մեջը կարող են լինել նյութեր, որոնք կարող են խոսել հակառակի մասին: Դրա համար Դուք ասացիք, որ տան ամբողջականը: Եթե 6 ամիս է, մի ամիսն են տվել, բա 5 ամիսն ո՞ւր է: Ինչո՞ւ չեն տվել, ի՞նչ կար մեջը, որ չեն տվել»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ դատարանին խնդրելով միջոցներ ձեռք առել, որ նախաքննական մարմինը տրամադրի ներքին և արտաքին դիտումների ամբողջական ծավալը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 24-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս