«Շարժումը հաջողելու է, որովհետև չեմ ուզում Եռաբլուրի մոտ խրամատ փորեմ ու կանգնեմ այնտեղ». Վիգեն Ազատյան
Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ կիրառված լուսաձայնային նռնակներից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, մի քանի տասնյակը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել։
Նրանց մեջ էր նաև 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։ Տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են մի քանի բերետավոր նրան քարշ տալով բերման ենթարկում, իսկ տարածքում գտնվող քաղաքացիները բղավում էին՝ նրան բաց թողեք՝ զոհվածի հայր է։
168.am-ի հետ զրույցում Վիգեն Ազատյանն ասաց, որ բերման ենթարկելիս բերետավորները, մեղմ ասած, իրեն հարվածել են։ Այս պահին վիճակը նորմալ է, ոստիկանական բաժանմունքից բաց թողնելուց հետո անմիջապես միացել է բողոքի ակցիային։
«Այդ մարդն ինձ համար այլ անուն ունի՝ թուրք, իր անունը թուրք է, գիտեմ, որ այդ բառից չի վիրավորվում, բայց բառերը, որով ես իրեն անվանում եմ՝ եթերային չէ, դրա համար թուրք եմ ասում։
Իսկ սև բերետավորներին ես չեմ կարող ասել՝ ոստիկանություն, նրանք վիժվածք են, որովհետև ոստիկանությունը չի կարող այդպես վարվել սովորական, անզեն քաղաքացու հետ։ Փառք Աստծո, տեսախցիկն ինձ բերման ենթարկած բերետների դեմքերը ֆիքսել է, իրենք իրենց ապօրինի քայլերի համար պատասխան են տալու։
Բայց այստեղ մի հետաքրքիր բան է տեղի ունենում, որը երեկ եմ նկատել՝ լավ և վատ ոստիկաններ։ Այսինքն՝ կարմիր և սև բերետավորներն իրենց պահում են այնպես, ինչպես բոլորս ենք տեսնում, մեզ այնպես են նայում, ինչպես թուրքն է նայում խոզի մսին։ Իսկ ոստիկանության վարչության աշխատողներն իրենց այնպես են պահում, որ կարծես թե լավ ոստիկաններ են։ Բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծել-ջարդելով նստեցնում են ավտոբուսները, իսկ արդեն ավտոբուսների մեջ իրենց շատ սովորական են պահում, չգիտեմ՝ սա թատրոն է, ինչ է, բայց այդպես է»,- նշեց Վիգեն Ազատյանը։
Ըստ մեր զրուցակցի, երեկ ոստիկանական բաժանմունքում իրեն քիչ են պահել ու բաց են թողել: Ազատ արձակվելուց անմիջապես հետո վերադարձել է Բաղրամյան պողոտա և միացել ակցիայի մասնակիցներին՝ չնայած ոստիկանների հարվածների հետևանքով ունեցել է ուժեղ գլխացավ։
«Հավատացեք, ոստիկանության այս գործողություններից ես չեմ զարմանում, որովհետև նրանք ծառայում ու կատարում են երկրի գլխավոր տականքի հանձնարարությունները։
Իշխանությունները հիմա ասում են, թե շարժումը Կաթողիկոսը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում, որպեսզի ազգին ասեն՝ տեսեք, հները վերադառնում են, ու այդպիսով փորձեն շարժումը մարել: Չի ստացվելու։ Այս շարժումը հաջողելու է, որովհետև այն Եկեղեցին է առաջնորդում։ Իսկ Բագրատ սրբազանի վրա բիծ փնտրելն աբսուրդ է։ Հիմա անձերի մասին չեմ ուզում խոսել, բայց մեկ բան հստակ է՝ ով էլ գա, երկիրն այս վիճակից դուրս կբերի, միայն թե այս տականքը հեռանա։
Շարժումը հաջողելու է, որովհետև ես չեմ ուզում Եռաբլուրի մոտ խրամատ փորեմ ու կանգնեմ այնտեղ, ու ինձ նման շատ մարդիկ։ Ուղղակի իշխանությունները մեկ բան պետք է հասկանան՝ մեզ 2020 թվականից հետո ինչ էլ անեն, ոչ թե թուլացնելու են, այլ ուժեղացնելու են։ Ծնողին, որին ստիպել են որդու կարոտն առնել Եռաբլուրի քարը համբուրելով, այդ ծնողին չեն կարող կոտրել՝ կարող են առնվազն սպանել»,- եզրափակեց Վիգեն Ազատյանը։