Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը՝ Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում

Հունիսի 10-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության համաձայն՝ կողմերը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչպես նաև այժմ ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը վերաբերող հարցեր:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետևում է Ղարաբաղում տեղակայված (44-օրյա պատերազմից հետո-խմբ.) ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին:

Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Բաքվում անցկացվելիք COP29-ին մասնակցելու հրավեր անելու համար և հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը դրա նախապատրաստական աշխատանքներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործում։

COP29 – Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի գումարում»:

Հիշեցնենք, որ Ալիևն Էրդողանի հրավերով էր հունիսի 10-ին մեկնել Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս