Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը:

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների այլ ղեկավարներ:

Ըստ աղբյուրի՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանդիպել է նիստի մասնակիցների հետ:

Ռուսաստանի ԱԴԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կլինեն համատեղ միջոցառումներ՝ բացահայտելու և կասեցնելու այն անձանց գործունեությունը, որոնք իրավիճակն ապակայունացնելու և ԱՊՀ-ում սահմանադրական կարգը բռնի փոխելու համար մարտական պատրաստություն են անցել և փորձ ձեռք բերել արտասահմանում։

«Միջոցառման մասնակիցները կնախանշեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման կատարելագործման ուղիները, այդ թվում ՝ ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ տվյալների միջազգային բազայի շրջանակներում։ Համագործակցության հակաահաբեկչական կենտրոնը խորհրդի անդամների քննարկմանը հաշվետվություն կներկայացնի 2023 թվականին ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության 2023-2025 թվականների ծրագրի կատարման արդյունքների մասին»,- նշված է ռուսական ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ միջոցառման ընթացքում կանցկացվեն ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմինների նիստեր՝ գործունեության տարբեր ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս