Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հիշատակման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին Թավրիզում: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
«Աղետի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց մարմինները տեղափոխվել են Թավրիզ: Հիշատակման արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00-ին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքի բնակիչները կկարողանան նախագահին հրաժեշտ տալ մայիսի 21-ի առավոտյան։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։