ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի 12 հարց
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 24-ին Աշխաբադում կայանալիք նիստի մասնակիցները կքննարկեն 12 հարց․ շեշտը կդրվի տնտեսության վրա։
«Ակնկալվում է, որ Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը կներկայացվի 12 հարց», – ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Նուռլան Սեյթիմովը Մինսկում Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին կից ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
Սեյթիմովը հայտնել է, որ Աշխաբադի հանդիպմանը «պատվիրակությունների ղեկավարները նեղ ձևաչափով մտքեր կփոխանակեն և կքննարկեն ԱՊՀ-ի տնտեսական զարգացման հրատապ հարցերը»։
«Օրակարգում են նաև ավելի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են, ընդհանուր առմամբ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը: Հիմնական ուշադրությունը կնվիրվի համագործակցությանը տնտեսության, էներգետիկայի, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում,- ասել է նա: – Ակնկալվում է, որ կսահմանվեն մի շարք հայեցակարգեր քիմիական արդյունաբերության, վտանգավոր թափոնների գործածման և շրջակա միջավայրում կուտակված վնասի օբյեկտների վերացման բնագավառում, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում մինչև 2035 թվականը: Նաև կընդունվեն միջոցառումների ծրագրեր, որոնք թույլ կտան իրականացնել այդ հայեցակարգերը»:
«Հանդիպման մասնակիցները մտադիր են, բացի այդ, հաստատել մինչև 2030 թվականն ԱՊՀ անդամ երկրների ենթակառուցվածքի օպտիմալացման և այդ երկրների տարածքներով անցնող միջազգային փոխադրամիջանցքների զարգացման գործողությունների ծրագիրը: Այդ փաստաթղթի ընդունումը թույլ կտա բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքը, որն ունի համաձայնեցված տեխնիկական պարամետրեր, և փոխադրումների տեխնոլոգիաները», – տեղեկացրել է Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատարը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգային կետերից մեկը կլինի Աշխաբադի հռչակումը Համագործակցության նոր սպորտային հնարավորությունների քաղաք: