Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։