Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան
Զենք կրելու կասկածանքով Էջմիածին քաղաքում ձերբակալված 6 անձանց մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրանց ձերբակալման իրական պատճառն առերևույթ այն է, որ վերջիններս նախապես հայտարարել էին Էջմիածնի թիվ 7 դպրոցի մոտ Նիկոլ Փաշինյանի առջև բողոքի խաղաղ գործողություն կատարելու մտադրության մասին»,- գրել է Մելիքյանը։
Նա շեշտել է, որ նշված անձինք 6 ժամ անց ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքական անհնազանդության ակցիայի ժամանակ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի այցը Էջմիածին, ուստի ժամը 8:30-ին «Էջմիածին» դաշինքի անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրեն» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին։