Ոստիկանությունում «զախվատ» խմբեր են փորձում հավաքագրել. Սուրենյանց

Այս օրերին Հայաստանում տեղի են ունենում 2018 թվականից հետո ամենազանգվածային փողոցային ցույցերը, որոնց մաս են կազմում հանրության ամենատարբեր շերտեր, ընդհուպ մարդիկ, որոնք այս մի քանի տարիների ընթացքում եղել են անհաշտ մրցակիցներ։

Կարելի է ասել, որ այս շարժումը Փաշինյանի քաղաքականության  հետևանքն է, այդ քաղաքականության սխալների արդյունքում ծնված մի մեծ դրական շարժում, որը միավորեց մինչև հիմա չմիավորվող շատ մարդկանց, և դա տեղի ունեցավ ճիշտ կազմակերպչի, այս պարագայում՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Տավուշի թեմի առաջնորդությամբ ծավալված շարժման մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանը, սակայն, իշխանությունը պահելու է ատամներով. նա քաղաքական մի մոլագար է, որն իշխանությունը համակցել է իր անվտանգության և բանտում չհայտնվելու հետ, հետևաբար՝ նա կարող է գնալ ամենաստոր միջոցների կիրառման։

Կարդացեք նաև

Հակառակ պարագայում, կարող էր հայտարարել, որ պատրաստ է երկխոսել արտահերթ ընտրություններ անելու հարցով, ինչը փողոցի էներգիան կլիցքաթափեր»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Տավուշի թեմի առաջնորդած շարժումն այնքան լուրջ է, որ հայտնվել է արդեն միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում, որովհետև այս շարժումը կարևոր է նաև միջազգային խաղացողների համար։

«Նրանք հասկանում են, որ Փաշինյանը Հայաստանը չէ. թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե ՌԴ-ն հասկանում են, որ ինչ պայմանավորվում են Փաշինյանի հետ, կարող է ինչ-որ պահի ի չիք դառնալ»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պետք է կարողանա արտաքին խաղացողներին հասկացնել՝ նման լարված իրավիճակում պետք է բռնել Ալիևի ձեռքը, եթե ի պաշտպանություն Փաշինյանի՝ գնա Հայաստանի նկատմամբ սադրանքների։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Փաշինյանի այլընտրանքը համարվող երկրի ղեկավարի փնտրտուքին՝ Սուրենյանցը նկատեց, որ Բագրատ սրբազանը կարողացել է անել այն, ինչը չի հաջողվել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ավելին՝ հասել է հանրային լայն կոնսոլիդացիայի, ուստի այս առումով իր նման երկրորդը չկա։

«Հոգևորականի՝ քաղաքականությամբ զբաղվելն ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանը դառնալու է կղերապետություն»,- ասաց Սուրենյանցը, որի համոզմամբ՝ Բագրատ սրբազանը կարող է լինել անցումային փուլի վարչապետ՝ Փաշինյանին անվստահություն հայտնելով պաշտոնից հեռացնելուց հետո։

«Ուզում եմ դիմել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներին ու ասել՝ Փաշինյանը բոլորիդ փուռն է տալու։ Ձեզ կոչ եմ անում հանձնել Փաշինյանին՝ դրա դիմաց ստանալով քաղաքական համաներում։ Հանձնեք Փաշինյանին, եթե դա չանեք, Փաշինյանն է ձեզ բոլորիդ հանձնելու հանրության դատին։ Ազգային ժողովի նոր ընտրություն կազմակերպել, և դուք չեք հայտնվելու այդ ցուցակներում»,- ասաց Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից շարժումը պառակտելուն միտված քայլերին, Սուրենյանցը հավելեց.

«Ոստիկանությունում «զախվատ» խմբեր են փորձում հավաքագրել, բայց չեն կարողանում այդ խմբերը համալրել, որովհետև եկեղեցու սպասավորի դեմ ոտնձգելու անբարոյականություն շատ քիչ մարդիկ ունեն»,- խոսքը եզրափակեց Սուրենյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս