Բաժիններ՝

«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:

Այս մասին տեղեկանում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը:

Դենիս Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

Երեք ժամ տեւած փակ քննարկումից հետո «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հրապարակեց իր որոշումը՝ արժանին մատուցելով բժիշկ Մուկվեգեին՝ խիզախ աշխատանքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած նվիրումի համար: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց եւ աղջիկների խնամքին, այլեւ անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ընդգծելով, որ «Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն եւ նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու: Հիվանդանոցում բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլեւ տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում եւ սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Բժիշկ Մուկվեգեն չի ընկրկել կանանց պաշտպանության եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում՝ դեմ դուրս գալով նաեւ Կոնգոյի կառավարությանը եւ Կոնգոյի արեւելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Բժիշկ Մուկվեգեն մարմնավորում է մարդասիրության ոգին՝ անխոնջ պայքար մղելով սեռական բռնությունը` որպես պատերազմի զենք, վերացնելու համար: Նրա՝ բռնությունից տուժածներին հուսահատությունից հանելու եւ նրանց դեպի ավելի լավ ապագա ուղեկցելու հաստատակամությունն իսկապես տպավորիչ է: Որպես 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ բժշկելու եւ կարեկցելու նրա ունակությունն ու անցած ճանապարհը շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս», – նշել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։

Դենիս Մուկվեգեն Լոս Անջելեսում ընդունել է «Ավրորա» մրցանակն ի պատիվ աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են հանուն գենդերային հավասարության եւ ընդդեմ բռնաբարության՝ որպես պատերազմի զենքի:

«Այս պահին ես մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում եւ ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլեւ օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշել է դոկտոր Մուկվեգեն:

2024 թ. խոշոր հակամարտություններն ի հայտ են բերել զանգվածային կարիքներ. ըստ ՄԱԿ-ի՝ այս տարի մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է հակամարտության գոտում կամ փախչում այնտեղից:

«Այսօր վճռորոշ մի պահ է՝ մեր ուշադրությունն ու ռեսուրսները նվիրելու այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ հոգալու նրանց մասին, ովքեր տառապում են: Բժիշկ Մուկվեգեն եւ շատ ուրիշներ իրենց արտասովոր խիզախությամբ եւ նվիրվածությամբ ոգեշնչում են մեզնից յուրաքանչյուրին ստեղծելու մի աշխարհ, որտեղ մենք ընդունում ենք մարդկայնության համընդհանուր արժեքները եւ գործում դրանց համահունչ»,- ասել է ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա հյուրերը փառաբանել են նաեւ «Ավրորայի» մյուս երկու հերոսներին՝ իրավապաշտպան Աբդուլհադի ալ-Խավաջային, որն անվեհեր պաշտպանել է ամենախոցելի համայնքների իրավունքները Բահրեյնում ու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ իրանցի հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս