Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 29-ին նոտա է հանձնել Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին․ հանրապետության իշխանությունները հայտարարում են Ռուսաստանի Դաշնությունում իրենց քաղաքացիների իրավունքները խախտելու և նրանց հանդեպ «ընդգծված բացասական վերաբերմունքի» մասին։
«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգու և ավանդույթների հետ», – հայտնել են Տաջիկստանի ԱԳՆ-ում։
Ապրիլի 28-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը Մոսկվայի օդանավակայաններում Տաջիկստանի քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
«Ապրիլի 27-ին՝ օրվա վերջի դրությամբ, Տաջիկստանի 954 քաղաքացիներ գտնվում են Ռուսաստանի մայրաքաղաքի «Վնուկովո» միջազգային օդանավակայանի՝ քաղաքացիների ժամանակավոր պահման գոտում՝ առանց համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման։ Այնտեղ մնացած քաղաքացիների մեջ կան տաջիկստանցի ուսանողներ, որոնք ուսուցում են անցնում Ռուսաստանի տարածքում ՌԴ կառավարության կրթական քվոտաների հաշվին», – ասված էր հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթվա վերջին Տաջիկստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։