Եվրոպան անբարոյականների երկի՞ր է. թեժ բանավեճ ասուլիսում (տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի և ԲՀԿ անդամ, տնտեսագետ  Վարդան Բոստանջյանի մանսկցությամբ հրավիրված մամլո ասուլիսի թեման Եվրոմիության կողմից արտագաղթի դեմ պայքարի, ավելի կոնկրետ` «շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը» աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրված 1 մլն եվրո գումարն էր: Երկու բանախոսներն էլ այս թիվը համարեցին ծիծաղելի և զավեշտալի` նշելով, որ 1 մլն եվրոն որևէ կերպ չի կարող օգնել արտագաղթի կասեցմանը կամ նվազեցմանը:  Խոսակցությունն աստիճանաբար վերաճեց Եվրոպա-Ռուսաստան թեժ բանավեճին, երբ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ Երևանում Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում դեռևս գործում են կենտրոններ, որոնք հավաքագրում են մարդկանց և կազմակերպում արտագաղթը դեպի Ռուսաստան: Այս համատեքստում Բ.Ասատրյանը նշեց հարցումներից մեկի մասին, ըստ որի` Հայաստանի շուրջ 1 մլն քաղաքացի իր ապագան տեսնում է Եվրոպայում:

«Դուք ասացիք` 1 միլիոնը` հարցումների համաձայն, ուզում են Եվրոպա, ինչի՞ եք ուզում Եվրոպա, լեզվի՞ն եք տիրապետում, թե՞ գույնզգույնությանն եք վազում»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը: Վերջինս կարծիք հայտնեց, որ «հայ մարդն այսօր դժվարություն ունի, և կարողանում է իր ապրուստի միջոցները հայթայթել Ռուսաստանում»:

Ի պատասխան` Բագրատ Ասատրյանն ասաց, որ իր համար հաճելի է, որ ՀՀ քաղաքացին հասկանում է, թե որն է իր ապագան:

«Էդ Եվրոպա-Ռուսատան երկընտրանքն իսկապես կա, որքան էլ մեր պաշտոնեությունը փորձի խուսափել դրանից, սա այսօր իրողություն է, և բնակչությունն իր խոսքը հստակ ասում է. ասում է` հերիք է, էս տգիտության վերջը տվեք, էս արևելյան բարքերը, Ռուսաստանից եկող էս կոռուպցիոն բաների վերջը տվեք, մեր ապագան սա չէ, մենք եվրոպացի ենք մեր էությամբ, մենք քրիստոնյա ենք եղել, դեռ ռուսները, կներեք, ծառից ծառ էին թռչում»,- նշեց Ասատրյանը:

Կարդացեք նաև

Ներկա գտնվողներից ոմանք նրան արձագանքեցին` հիշեցնելով, որ Եվրամիությունը համասեռամոլությունը բերել է օրենքի դաշտ և նույնը պարտադրում է մյուս երկներին: Սրա հետ համաձայնեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Բոստանջյանը:

«Ձեր կարծիքով` Եվրոպան անբարոյականների երկի՞ր է»,- զայրացած հարցրեց Բագրատ Ասատրյանը: Սրան ի պատասխան Բագրատ Ասատրյանի հետ բանավեճի բռնված երիտասարդ լրագրողուհին պատասխանեց` «այո´»:

«Ես սարսափում եմ, ուրեմն դուք էս տգետ իշխանության արդյունքն եք»,- պատասխանեց Բագրատ Ասատրյանը:

 

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս