Կրեմլը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բանակցությունները կգնահատի պաշտոնական հայտարարություններից հետո
Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները կկարողանա գնահատել միայն Երևանի պաշտոնական հայտարարություններից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք այդ հանդիպման ամբողջական օրակարգը, թեև որոշ հաղորդագրություններ կան»,– ասաց Պեսկովը։
Նա կոչ է արել սպասել հայկական կողմի` տրանսատլանտյան ինտեգրման թեման քննարկելու հայտարարություններին։
Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել ապրիլի 4-ին։ Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։