Կահիրեում վերսկսվել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ապրիլի 1-ին Կահիրեում վերսկսվել են Իսրայելից պատվիրակության ժամանումից հետո: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որը Կատարի հետ միասին որպես միջնորդ է հանդես եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում», – հայտնել է EFE գործակալության աղբյուրը։
EFE-ի զրուցակցի խոսքով՝ Եգիպտոսը և Կատարը պատասխանատու են լինելու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին տեղեկատվություն փոխանցելու համար, որոնք այս անգամ ներկա չեն բանակցություններին՝ «միջնորդների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով»։
Գործակալության աղբյուրը հավելել է, որ այս փուլի նպատակն է պարզել, թե արդյոք հարկավոր է Գազայի հատվածում հրադադարի շուրջ երկխոսության մեջ ներգրավել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի բարձրաստիճան անձանց։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 32 800-ի։