Մահացել է Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուսում» օգնել է մարդկանց փրկել
Մահացել է Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ շտապել էր մարդկանց փրկել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» մոտակայքում։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։
Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը:
Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։