18-ամյա տղան մեղադրվում է անչափահաս աղջկան ինքնասպանության դրդելու մեջ
18-ամյա տղան՝ Արթուր Կարապետյանը մեղադրվում է անչափահաս աղջնակին ինքնասպանության փորձի դրդելու մեջ։
2012թ. հոկտեմբերի վերջին անչափահաս Մանեն (անունը փոխված է) Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովայի» անվան այգում սայրով երակները կտրելու միջոցով փորձել էր ինքնասպան լինել։ Որոշ ժամանակ անց՝ 2012թ. նոյեմբերի 5-ին, աղջնակը կրկին փորձել էր ինքնասպանություն գործել։ Այս անգամ շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից նա փորձել էր ցած նետվել։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և աղջկա, նրա ընկերների, հարազատների հետ տարված աշխատանքի արդյունքում պարզվել էր աղջկա հոգեվիճակի պատճառը, որի արդյունքում մեղադրանք առաջադրվեց 18-ամյա մի տղայի։ Իրավապահները մասնավորապես պարզել են, որ 18-ամյա Արթուր Կարապետյանն է իր սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ անչափահաս Մանեին (անունը փոխված է) հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու:
Արթուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: