Նիկոլը կա՛մ մարդկանց պիտի վախեցնի պատերազմով, կա՛մ փողեր խոստանա. Նրա լոգիկան հասկանում եմ, բայց ժողովրդին չեմ հասկանում. Աշոտ Սևյան
Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ։
Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Նա նաև ասել էր, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ Էրևանում Հանրապետության հրապարակում տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն ասաց, որ ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդիկ գիտակցում են, թե ինչ է նշանակում Տավուշից հատվածներ զիջել Ադրբեջանին, դա նշանակում է՝ Հայաստանն ամբողջությամբ դնել Ադրբեջանի ափի մեջ։
«Հասկանալի է, չէ՞, որն է Նիկոլ Փաշինյանի պրոպագանդան՝ մարդկանց վախեցնել պատերազմով, այսինքն՝ այնպես անել, որ մարդիկ ստիպված ասեն՝ թշնամուն տուր այն, ինչ ուզում ես, կամ էլ ուղղակի թողնեն ու դուրս գան իրենց տներից։ Նա կա՛մ մարդկանց պիտի վախեցնի պատերազմով, կա՛մ փողեր խոստանա, այլ բան չի կարող անել։ Զարմանալի որևէ բան չկա, այս մարդը սկսել է Արցախից, ավարտելու է Հայաստանով, հերթով ամեն ինչ տալու է։ Իսկ բնակիչներից ով վախեցավ՝ սուսուփուս դուրս կգա, ով չվախեցավ՝ փող կտա, կհամոզի։ Տավուշցիները հայտնվելու են նույն արցախցիների օրին, թափառականի նման այս ու այնտեղ վարձով ապրելու են, կամ գնան Հայաստանից։ Այս ամենը մի բան է նշանակում՝ մարդկանց «մառալնի» կոտրում են, դարձնում են կամազուրկ»,- նշեց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկը զարմացել է Տավուշում գտնվող ռազմական գործիչների, սպաների վրա, արդյո՞ք նրանք չեն գիտակցում, թե ինչ է սպասվելու Տավուշին ու ամբողջ Հայաստանին, եթե տարածքներ հանձնեն։
«30 տարի շարունակ Տավուշում ամուր դիրքեր են կառուցվել, դրանք անզիջելի դիրքեր են, մայրուղիներ են բարեկարգվել, իրենք հասկանո՞ւմ են՝ տարածքներ զիջելով՝ ինչ է լինելու այդ մայրուղիների վիճակը, դրանք ուղղակի մեկուսացվելու են։ Անձամբ այդ տարածքին լավ ծանոթ եմ, հիմա Նիկոլ Փաշինյանն այլընտրանք ճանապարհ որտեղ էլ կառուցի, միևնույն է՝ հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Եթե բնակիչները մտածում են, որ ճանապարհը 500 մետր այն կողմ կառուցեն, իրենք հեշտ կերթևեկեն, սխալվում են, այն ավելի խոցելի է դառնալու»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Նա չգիտի, թե Նիկոլ Փաշինյանը Տավուշից գյուղեր հանձնելով՝ ինչի՞ է ձգտում, սակայն գիտի՝ Ադրբեջանի կողմից պատերազմն անխուսափելի է, և դրա վտանգը միշտ էլ կա, եթե նույնիսկ Փաշինյանն ամբողջ Տավուշը հանձնի։
«Այս պահին էլ մենք գտնվում ենք պատերազմի մեջ՝ սողացող պատերազմի, իսկ Ադրբեջանը փորձում է վերցնել այն, ինչը կարող է՝ առանց բացահայտ պատերազմ անելու։ 30 տարի այն դիրքերը, որոնք պաշտպանել են ամբողջ Տավուշը, Հայաստանն էլ՝ հետը, հիմա սա տալիս է թշնամուն ու մեր զորքը հետ քաշում։ Մեր զորքին այդպես բերելու է բաց տարածք, որտեղ ունենալու են բազմաթիվ զոհեր։
Ես Նիկոլի լոգիկան հասկանում եմ, բայց մեր ժողովրդին չեմ հասկանում, հիմա պատերազմի մեջ են, ինչի՞ց են խուսափելու։ Հիմա ժողովրդին կազմակերպող չկա, ես չգիտեմ՝ ով պետք է նրան կազմակերպի, բայց փաստը ցույց է տալիս՝ եթե կանգնում ես, ստացվում է։ Նիկոլը լավ բրոքեր է, ամեն ինչ վաճառում է, ինչո՞ւ են թույլ տալիս։
Ինքս պատրաստվում էի գնալ Տավուշ. եթե մարդիկ փորձելու են ոտքի կանգնել, կանգնեմ նրանց կողքին, բայց նայում եմ, որևէ մեկը չի էլ պատրաստվում որևէ բան անել։ Ունենք գեներալներ, անթիվ-անհամար, որևէ մեկը տեղից չի շարժվում, բանակում աշխատում են։
Լավ, չեն գիտակցո՞ւմ, որ այս 4 գյուղը վերջը չէ, չեն գիտակցո՞ւմ՝ ինչո՞ւ է սկսել Տավուշից, որովհետև այն ամենալավ պահպանված տարածքն է։ Բայց մարդը ոտքի է կանգնել, ասում է՝ փող եմ տալիս, վերցրեք-գնացեք, մարդիկ էլ լուռ լսում են»,- շեշտեց ազատամարտիկը։