Մխիթար Հայրապետյանը չպատասխանեց Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր պաշտոնավարման 2,5 ամիսների ընթացքում ամենաշատն ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներին։
«Ամեն շաբաթ մենք անդրադառնում ենք հանրության շրջանում կիրառվող ՏՏ ոլորտին։ Չեմ բացառում, որ նոր օրենքը կվերաբերի առհասարակ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա կարող եմ երաշխավորել»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով ՏՏ ոլորտի մասնագետների դժգոհությունների և Հայաստանից նրանց արտահոսքի մասին, որտեղ պայմանները, ըստ նրանց՝ ավելի լավ են, քան Հայաստանում։
Ըստ նախարարի, իրենք փորձում են ոլորտի ներկայացուցիչների, ասոցիացիաների և գործադիրի մյուս գործընկերների հետ համատեղ ֆիքսել այն հնարավոր առաջարկի փաթեթը, որը Կառավարությունը կարող է ներկայացնել ոլորտի զարգացման համար։
«Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին մենք կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ լուծումների առումով, և դա իրապես ապագայում կապահովի բարձր տեխնոլոգիական ոլորտի թռիչքաձև զարգացումը»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը։
Հարցին՝ որպես Կառավարության անդամ՝ ինչպե՞ս կմեկնաբանի Տավուշի մարզի գյուղերի շուրջ ծավալված քննարկումները, Մխիթար Հայրապետյանը պատասխանելու փոխարեն՝ հորդորեց, որ առաջիկայում ամփոփելու է իր աշխատանքի 100 օրը, և այդ ժամանակ կարող են քաղաքական բնույթի հարցեր հնչեցնել։