Չեմ ուզում բան ասել, որը մեկնաբանությունների տեղիք կտա. ՊՆ փոխնախարարը՝ Տավուշից հանձնվելիք գյուղերի մասին
Այսօր խորհրդարանում՝ ինչպես պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնպես էլ՝ փոխնախարար Արման Սարգսյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։
Լրագրողներն Արման Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Հայաստանը Տավուշի մարզում ճանապա՞րհ է հանձնելու Ադրբեջանին, սակայն պատասխանի փոխարեն՝ փոխնախարարը լրագրողներից պահանջեց իրեն ճանապարհ տալ, որպեսզի գնա։
Նա չպատասխանեց նաև հարցին, թե Տավուշի չորս գյուղերի հարակից տարածքից հայկական զորքը հե՞տ է քաշվելու։
«Ասուլիսի ժամանակ վարչապետն արդեն բոլոր հարցերին հանգամանալից պատասխանել է»,- հակիրճ ասաց Պաշտպանության փոխնախարարը։
Նա միայն տեղեկացրեց, որ ԱԺ-ում պարբերաբար Պաշտպանական գերատեսչության ղեկավարներով հանդիպումներ ունենում են պատգամավորների հետ։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ եթե Ալիևն ուժով փորձի վերցնել Տավուշի 4 գյուղերը, հայկական բանակն ի՞նչ կարող է անել, Արման Սարգսյանը հարցին պատասխանելու փոխարեն՝ ասաց, որ ԱԺ-ում իրենց քննարկումները վերաբերում են օրենքին ու օրենքների նախագծերին։
Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք ուղիղ ասել՝ Տավուշից Ադրբեջանին տարածքներ զիջվելո՞ւ են, Արման Սարգսյանը պատասխանեց.
«Հարգելիս, ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա ասածները, դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք։ Չեմ ուզում բաներ ասել, որը մեկնաբանությունների տեղիք կտա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում